Օգոստոսի 26-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելեց Երեւանի թիվ 13 պոլիկլինիկա, որտեղ հանրապետությունում առաջին անգամ պետպատվերի շրջանակում իրականացվում է ամբուլատոր անվճար պալիատիվ (ամոքիչ) բուժօգնություն:
Ամոքիչ օգնությունն ուղղված է ծանր հիվանդ մարդկանց կյանքի որակի բարելավմանը, որոնք տառապում են ուժեղ ցավից։ Նրանց թվում են ուժեղ ցավ զգացող օնկոհիվանդները, մանավանդ կյանքի վերջին ամիսներին։
Թիվ 13 պոլիկլինիկայի դեպքում գործում է շարժական խումբ՝ կազմված բժշկից, բուժքույրերից եւ հոգեբանից, որոնք անհրաժեշտ բժշկական օգնություն են ցույց տալիս տանը:
Սպասվում է, որ հետագայում վերոնշյալ մասնագետների թիվը կհամալրվի նաեւ սոցաշխատողով:
Լրագրողների հետ զրույցում Թորոսյանը տեղեկացրեց, որ ապագայում մյուս պոլիկլինիկաները նույնպես ներգրավվելու են տվյալ ծրագրում: Բացի այդ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի ստացիոնար պայմաններում ամոքիչ օգնության տրամադրումը, ընդ որում նաեւ պետության հաշվին: Այսինքն այն դեպքերում, եթե տանը անհնար կլինի համապատասխան խնամք կազմակերպել ծանր հիվանդների նկատմամբ, ապա նրանք կտեղափոխվեն հոսպիս:
Նախարարը նաեւ նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է մեկ կամ երկու նման հաստատություն, սակայն նրանց դեպքում ծառայությունները վճարովի են:
Պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին՝ Թորոսյանը խոստովանեց, որ իրավապահների մեծ ուշադրության պատճառով բժիշկների շրջանում օփիոիդային ցավազրկողների նշանակման հարցում վախ կա:
Սակայն իրավիճակը, նրա խոսքով, աստիճանաբար դեպի լավն է փոխվում եւ նկատվում է պացիենտներին օփիոիդային միջոցների նշանակման որոշակի աճ, որոնք ամոքիչ օգնության կարիք ունեն: Բացի այդ զգալիորեն պարզեցվել է համապատասխան փաստաթղթաշրջանառության հրացը:
Մինչ այդ նրա խոսքով բնակչության մեկ շնչի համար օփիոիդների բժշկական սպառման մասով, Հայաստանը չափազանց ցածր դիրք է զբաղեցնում, այսինքն պահանջարկը գերազանցում է սպառման իրական մակարդակը:
Մոտավոր տվյալնրով Հայաստանում ամոքիչ օգնության կարիք ունի ավելի քան 1000 մարդ:
«Մենք մտածում ենք նաեւ ծանր հիվանդների մտերիմների համար ուսումնական ծրագրի ներդնման ուղղությամբ, որպեսզի նրանց սովորեցնենք համապատասխան խնամքի հմտություններին: Դա նրանց կօգնի տնային պայմաններում ամոքիչ օգնություն ցույց տալ՝ անկախ բուժաշխատողի այցից», - ասաց նա:
Մասնագետները քանիցս նշել են, որ հանրապետությունում ցավամոքիչ օգնության ներդրման ճանապարհին մի շարք խնդիրներ կան։ Դա վերաբերում է, մասնավորապես, բժիշկների եւ պացիենտների վախին օպիոդիկ ցավազրկողների հանդեպ։ Այսպես, հիվանդների եւ նրանց մերձավորների անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ նրանք կարծում են, թե մորֆինից կախվածության հավանականություն կառաջանա։ Այնինչ, փորձագետները նշում են, որ մորֆինը հիվանդների եւ ուժեղ ցավային ախտանիշով տառապողների մոտ էյֆորիա չի առաջացնում եւ, հետեւաբար, վարժվածություն դրա հանդեպ չի առաջանում։
Ինչ վերաբերում է բժիշկներին, ապա նրանց դժգոհությունը պայմանավորված է իրավապահների սեւեռուն ուշադրությամբ դուրս գրվող օպիոդիկ ցավազրկողների չափաբաժինների հանդեպ։ Դա հատկապես ակնհայտ երեւում է այն բանի հաշվառմամբ, որ ցավային ախտանիշի բուժման համար անհրաժեշտ է դուրս գրել գոնե մորֆինի 6 չափաբաժին։
Ավելի վաղ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գեորգի Գոգիան նշում է. ամեն տարի Հայաստանում մոտ 8 հազար մարդ մահանում է քաղցկեղից։ «Նրանց 80 տոկոսը մահանում է ուժեղ ցավի առկայությամբ եւ կարիք ունի օպիոիդ ցավազրկողների»:






