Թմրամոլության բուժումը Հայաստանում հարյուր տոկոսով արդյունավետ է, լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը՝ հունիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Արդյունավետ բուժում ասելով, գլխավոր նարկոլոգն ի նկատի ունի, որ բուժման արդյունքում թմրամոլն ամբողջովին ազատվում է իր՝ թմրամիջոցի հանդեպ կախվածությունից: Սակայն արդյո՞ք բուժված մարդը կկարողանա հետագայում հետ մնալ թմրամիջոցներից եւ չի վերադառնա իր նախկին կյանքին: Սա արդեն բոլորովին այլ հարց է:

Պետրոս Սեմերջյանի խոսքով՝ բուժված մարդկանց մոտ 80 տոկոսը հետագայում նորից սկսում է թմրամիջոցներ օգտագործել: Ինչու՞: Որովհետեւ նրանք նորից շփվում են նույն մարդկանց հետ, վերադառնում են նույն շրջապատը, որը նրանց նախկինում թմրամոլ էր դարձրել:

Այլ երկրներում կան բազմաթիվ սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, որոնք մարդուն օգնում են հետ մնալ թմրամիջոցների հետագա օգտագործումից: Մարդիկ հարուստ երկրներում կարող են կես կամ մեկ տարի անցկացնել ռեաբիլիտացիոն կենտրոններում՝ ապրել այնտեղ, վերականգնվել՝ շփվելով հոգեբանների եւ թմրաբանների հետ: Հայաստանում նման ծառայություններ դեռեւս չկան: Որոշ ռեաբիլիտացիոն միջոցառումներ այստեղ, իհարկե, իրականացվում են, բայց ոչ այդ մակարդակի:

Ի դեպ, թմրամոլության բուժումը Հայաստանում երկու սկզբունքով է իրականացվում՝ կամովի եւ հարկադիր՝ դատարանի որոշմամբ: Հետաքրքիրն այն է, որ բուժվողների մեծ մասը իրենց կամքով է բուժվում, եւ միայն շատ փոքր տոկոսը՝ հարկադրված: Սակայն դա չի խանգարում բուժվելուց հետո նույն ճանապարհին վերադառնալ: