Ֆլորիդայի բնակիչ, 50-ամյա Դեւիդ Իռլանդը մի քանի վիրահատության ենթարկվեց մսակեր մանրէների պատճառով։
Ինչպես տեղեկացնում է Fox News-ը, ամեն բան սկսվեց գրիպ հիշեցնող ախտանշաններից։ Այնուհետեւ տղամարդու մոտ տենդ սկսվեց, ինչպես նաեւ ուժեղ ցավեր աճուկներում եւ ոտքերում։ Դեւիդը հոսպիտալացվեց թուլության հինգերորդ օրը։ Բժիշկները պարզեցին, որ առողջական վիճակի վատացման պատճառը նեկրոտիկ ֆասցիիտն է, որն առաջ էր եկել մսակեր մանրէների պատճառով։
Դեւիդը դրանց պատճառով երեք վիրահատության ենթարկվեց, որոնց ընթացքում հեռացվեց նրա արտաքին մաշկի 25 տոկոսը։ Դրանով բուժումը չավարտվեց. տղամարդը դեռ պետք է վիրաբուժական միջամտության ենթարկվի։ Պացիենտի կինը պնդում է, որ եթե վիճակը չհաջողվի կայունացնել, ապա բանը կարող է ավարտվել վերջույթների անդամահատմամբ։
Բժիշկները Դեւիդի վիճակը ծայրահեղ վատ են գնահատում. նա դիալիզի կարիք ունի եւ միացված է արհեստական շնչառության սարքին։
Ավելի հաճախ մսակեր մանրէները մարդու օրգանիզմում հայտնվում են մաշկի կտրվածքների միջոցով։ Նեկրոտիկ ֆասցիիտի դեպքում հիվանդի մոտ առաջանում են տենդ, գլխապտույտ եւ սրտխառնոց։ Հիվանդությունն արագ է զարգանում եւ կարող է հանգեցնել մահվան։






