Էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը Հայաստանում աղետալի կերպով կանդրադառնա ոչ միայն հասարակ սպառողների, այլեւ տեղական արտադրողների վրա, կարծում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Էլեկտրաէներգիայի թանկացումը, նրա խոսքով, տնտեսվարողների համար մեծ հարված կլինի. ապրանքների գները նորից կբարձրանան, եւ բացառված չէ, որ ապրանքների, մասնավորապես սննդամթերքի որակի վրա էլ թանկացումը բացասաբար կազդի:
Մելիտա Հակոբյանը նշեց, որ արտադրողները վախենալով են սպասում թանկացումներին, քանի որ չեն պատկերացնում, թե ինչ են անելու: Թանկացնել ապրանքը չեն կարող՝ առանց այն էլ երկրում սպառողի դեֆիցիտ կա, իսկ եղած սպառողը սոցիալապես անապահով է:
«Եթե արտադրողը չկարողանա (իր արտադրանքի) գինը բարձրացնել, ուրեմն, որակը պետք է այնպես անի, որ կարողանա «տակից դուրս գալ»», - ասաց Մելիտա Հակոբյանը:
Նա նշեց նաեւ, որ էլեկտրաէներգիայի թանկացումը «ներկրողների ջրաղացին ջուր է լցնում», քանի որ ներկրված ապրանքները ավելի էժան են ստացվում, քան տեղականը: Քանի որ սպառողը Հայաստանում բավական անապահով է եւ ավելորդ գումար չունի, ներմուծված ապրանքները, մասնավորապես սննդամթերքը, հավանաբար կսկսեն ավելի մեծ ժողովրդականություն վայելել, իսկ տեղական ապրանքները ավելի վատ կվաճառվեն:
Բնականաբար, Հայաստանում արտադրված ոչ բոլոր ապրանքներն են անթերի, սակայն տեղական սնունդը, Մելիտա Հակոբյանի խոսքով, ավելի թարմ է եւ շատ ավելի քիչ է վնասակար կայունացուցիչներ պարունակում, քան ներմուծվածը՝ հենց այդ պատճառով էլ տեղական սննդի պիտանելիության ժամկետը շատ ավելի կարճ է:
Բացի այդ, Մելիտա Հակոբյանի կարծիքով, տեղական արտադրանքը ավելի վերահսկելի ու կառավարելի է: Եթե սպառողը ինչ-որ վատ արտադրանք է հայտնաբերում, պարզ է, թե դա ում արտադրանքն է եւ ինչ է դրա հետ պետք անել: Այլ երկրից ներմուծված սննդամթերքների դեպքում Սպառողների ազգային ասոցիացիայի անդամները երբեմն ստիպված են լինում ամիսներով փնտրել արտադրողին կամ գոնե ներմուծողին, բայց դա ոչ միշտ է հաջողվում:






