Ucom ընկերությունը «Վարդանանց» բժշկական կենտրոնի հետ գործարկում է uDoctor նոր բջջային հավելվածը, որի միջոցով հնարավոր է բժշկի հետ առցանց խորհրդակցել Հայաստանի ցանկացած կետում գտնվելիս: (ֆոտոռեպորտաժ)
Այսօրվա դրությամբ Հայաստանի բնակիչների մոտ 60 տոկոսը զբաղվում է ինքնաբուժմամբ, որի պատճառները շատ են՝ մեկը չի ցանկանում ժամանակ վատնել ընդունելության սպասող հերթերում, մյուսն էլ գտնվում է մարզային քաղաքում, որտեղ դեռեւս բժիշկների հասանելիության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ նոր ծառայությունը այս խնդիրներից շատերը կլուծի. uDoctor-ի բժիշկները հասանելի կլինեն օրվա 24 ժամին, շաբաթվա 7 օրը, տարվա 365 օրերին, եւ նրանց հետ հնարավոր կլինի կապ հաստատել ցանկացած քաղաքից ու գյուղից: Ավելին՝ ստիպված չեք լինի հերթերում ընդունելությանը երկար սպասել:
«Վարդանանց» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը նշեց, որ հավելվածի օգնությամբ հնարավոր կլինի խորհրդակցել 14 տարբեր մասնագիտությունների բժիշկների հետ, այդ թվում՝ մանկաբույժի, թերապեւտի, սրտաբանի, նյարդաբանի, մանկաբարձ-գինեկոլոգի եւ նույնիսկ սոնոգրաֆիստի հետ: Նրանք բոլորը փորձառու բժիշկներ են, աշխատում են «Վարդանանց» ԲԿ-ում:
Առցանց խորհրդատվությունը կկարողանա՞ փոխարինել «իսկական», առերես խորհրդատվությանը: Այս հարցը շատերին է մտահոգում, եւ Հարություն Մանգոյանը հարցին հաստատական է պատասխանում:
Բանն այն է, որ բժիշկը 90 տոկոս դեպքերում ախտորոշումը կատարում է այն ամենի հիման վրա, ինչ նրան ասում է պացիենտը՝ զննման մեթոդները ավելի պակաս դեր ունեն, քան կարելի է պատկերացնել: Ուստի, եթե բժիշկը կարողանում է լսել եւ ճիշտ հարցեր տալ, դեպքերի մեծ մասում դա միանգամայն բավարար է ախտորոշման համար:
Հավելվածի միջոցով առցանց խորհրդատվությունը կտեւի 30 րոպե, իսկ բժիշկը հիվանդության պատմությունը հավաքելու եւ ախտորոշում կատարելու համար հետեւելու է բժշկական լավագույն ուղեցույցներին: Խորհրդատվությունը կարող է անցկացվել ինչպես նամակագրությամբ, այնպես էլ տեսազանգի միջոցով:
Մասնագետների հետ խորհրդատվության արժեքը բավականին մատչելի է, եւ հնարավոր է վճարել բակային քարտով: Ոչ հեռու ապագայում նախատեսվում է այս համակարգ ներգրավել նաեւ ապահովագրական ընկերություններին:
Հավելվածը հասանելի է Google Play-ում եւ App Store-ում, ինչպես նաեւ https://udoctor.am/ կայքում:





