Փոքրիկ Արիանա-Մեյ Սիմփսոնը Վալիի Լլանտրիզանտ քաղաքից մահացել է մի հիվանդությունից, որը հանգեցրել էր արյան վարակման եւ ուղեղի անոմալ մեծացման։

Ինչպես գրել է The Sun-ը, Արիանա-Մեյը ծնվել էր հուլիսի 29-ին 2,7 կիլոգրամ քաշով։ Հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ նրա արյան մի քանի ուսումնասիրություն են կատարել, բայց արդյունքներն ստացվել են մեկ շաբաթ անց։ Աղջիկը գալակտոզեմիա է ունեցել՝ ժառանգական հիվանդություն, որի դեպքում խախտվում է նյութափոխանակությունը։

Աղջկա ծնողները՝ 18-ամյա Խլոյա Լուիզ Հինսը եւ 21-ամյա Ջոշ Սիմփսոնը, նրան ավելի մեծ հիվանդանոց են տարել, որտեղ օգոստոսի 11-ին սքանավորել են նրա ուղեղը։ Հաջորդ օրը փոքրիկի ճնշումը բարձրացել է, իսկ բիբերը դարձել են տարբեր չափերի ու դադարել են արձագանքել լույսին։

Ինչպես պարզվել է, աղջկա մոտ սեպսիս էր առաջացել, ինչի պատճառով ուղեղը բորբոքվել էր, սկսել մեծանալ չափերով եւ վնասել էր գանգը։ Օգոստոսի 15-ին աղջիկը մահացավ։

Նրա ծնողները համոզված են, որ բժիշկները ուշ են հայտնաբերել արյան վարակումը, եւ հենց դա է դարձել նրա մահվան պատճառը։ Առողջապահության հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում եւ ուսումնասիրում երեխայի բուժման պատմությունը՝ հասկանալու համար, թե մեղավոր են արդյոք բժիշկները նրա մահվան մեջ։