Համեմատաբար ուշ տարիքում բնական ճանապարհով ծննդաբերող կանանց երկար կյանք է սպասվում: Ծննդաբերության տարիքի եւ երկարակեցության միջեւ կապը կարող է գենետիկ առանձնահատկություններով բացատրվել, հաղորդում է FoxNews-ը:
Համենայն դեպս, 462 կանանց շրջանում (որոնցից 311-ը` բացառիկ երկարակյացներ) իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վերջին երեխային 33 տարեկանից հետո ծննդաբերած կանայք մինչեւ 95 տարեկան ապրելու կրկնակի մեծ շանսեր ունեն` 29 տարեկանում ծննդաբերածների համեմատությամբ, իսկ 40 տարեկանից բարձր ծննդկաններն իրենց 100-ամյակը նշելու 4 անգամ բարձր հավանականությամբ են օժտված:
Բացի այդ, մեծ է նաեւ երկարակեցության գենը երեխային փոխանցելու հավանականությունը:
Սա, իհարկե, չի նշանակում, որ մայրիկները պետք է, հանուն երկար ապրելու հեռանկարի, երեխա ունենալու համար համեմատաբար ուշ տարիքի սպասեն: Հակառակը` հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ ուշ տարիքում երեխա ունենալու կարողությունը դանդաղ ծերացման նշան է:
Վերլուծության արդյունքում նաեւ պարզվել է, որ երեքից ավել երեխաները թուլացնում են ծննդաբերության ուշ տարիքի եւ երկարակեցության միջեւ կապը:






