Հունիսի 27-ին Երեւանում Հայաստանի ռեւմատոլոգների երրորդ գիտաժողովն է մեկնարկել, որին, բացի հայ մասնագետներից, նաեւ Ռուսաստանից ժամանած բժիշկներ են մասնակցում:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ռուսաստանի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայի ռեւմատոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Բադոկինը նշել է, որ նմանատիպ գիտաժողովները մեծ կարեւորություն ունեն ինչպես պրակտիկ բժիշկների, այնպես էլ բուհերում դասավանդողների եւ գիտահետազոտական աշխատանքով զբաղվողների համար, քանի որ գործընթացի շարժիչ ուժն են համարվում եւ մասնագետներին փորձի փոխանակում իրականացնելու եւ ժամանակին համընթաց քայլելու հրաշալի հնարավորություն ընձեռում:

«Նմանատիպ գիտաժողովների ընթացքում ժամանակակից ռեւմատոլոգիայի առավել այժմեական հարցերն են քննարկվում, առանց որի անհնար է առաջ շարժվել», - նկատել է նա:

Երեւանի գլխավոր ռեւմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Հարոյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է, որ բժիշկները պետք է անընդհատ բարձրացնեն իրենց որակավորումը եւ ոլորտի բոլոր նորություններից տեղյակ լինեն, իսկ ներկայիս գիտաժողովն այդ առումով լուրջ օգնություն է ընձեռում:

Զեկույցների ցանկ.

• «Սիստեմային կարմիր գայլախտ (Լիբման-Սաքսի հիվանդություն). ախտորոշման, բուժման եւ դիտարկման ժամանակակից ասպետկտները»: Հեղինակ` Ս.Կ. Սոլովյով, «Ռեւմատոլոգիայի Վ.Ա. Նասոնովայի անվան գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային հաստատության պրոֆեսոր, Մոսկվա

• «Սիստեմային սկլերոդերմիայի ախտորոշման եւ բուժման նոր եղանակները»: Հեղինակ` Լ.Պ. Անանյեւա, «Ռեւմատոլոգիայի Վ.Ա. Նասոնովայի անվան գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային հաստատության պրոֆեսոր, Մոսկվա

• «Օստեոարթրոզի բուժման հեռանկարային ուղղությունները»: Հեղինակ` Վ.Վ. Բադոկին, Ռուսաստանի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայի ռեւմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Մոսկվա

• «Սիստեմային կարմիր գայլախտը եւ հղիությունը»: Հեղինակ` Ա.Ա. Հարոյան, Երեւանի գլխավոր ռեւմատոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեւմատոլոգիական բաժնի վարիչ

• «Բեխչետի հիվանդության կլինիկական առանձնահատկությունները Հայաստանում»: Հեղինակ` Ն.Ռ. Մկրտչյան, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապեւտիկ նեղ մասնագիտությունների հետդիպլոմային ուսուցման ամբիոնի ասիստենտ

• «Շարակցական հյուսվածքի աուտոիմուն բորբոքային հիվանդություններ. պարբերական հիվանդություն»: Հեղինակ` Ա.Ա. Բեգլարյան, ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի բժիշկ-ռեւմատոլոգ

• «Հոդերի ախտահարումը` Բեխչետի հիվանդության դեպքում. երկու հիվանդությունների կամ ռեւմատոիդանման արթրիտի զուգակցումը (դեպք պրակտիկայից)»: Ս.Գ. Մանուկյան, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 1-ին կլինիկական հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունքի բժիշկ-ռեւմատոլոգ։