Ներկայումս ռեւմատոլոգիական հիվանդությունները բավականին լայն տարածում ունեն թե ամբողջ աշխարհում, եւ թե Հայաստանում: Երեւանի գլխավոր ռեւմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Հարոյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է, որ երկրի բնակչության քառորդ մասը այս կամ այն ռեւմատիկ հիվանդությամբ է տառապում, եւ Հայաստանում ոլորտի խնդիրները ներկայացրել:
Վաղաժամ ախտորոշում
Արմինե Հարոյանի խոսքով, ռեւմատոլոգիայի ոլորտի համար առաջին խնդիրը հիվանդությունների վաղաժամ ախտորոշման հետ է կապված: Ռեւմատիկ հիվանդությունները մեծ ի մասամբ երիտաсարդ տարիքում են ի հայտ գալիս եւ հաճախ հաշմանդամության պատճառ դառնում: Այդ իսկ պատճառով էլ կարեւոր է հնարավորինս վաղ ախտորոշել եւ բուժման գործընթաց սկսել: Քանի դեռ հիվանդի օրգաններում եւ հոդերում անդառնալի փոփոխություններ չեն գրանցվել, կարելի է խուսափել հաշմանդամությունից կամ, վատագույն դեպքում, երկար տարիներով կամ տասնամյակներով հետաձգել այն:
«Որքան վաղ է հիվանդությունն ախտորոշվում, այնքան արդյունավետ է բուժումը եւ դրական` արդյունքը»», - նկատել է բժիշկը:
Ի՞նչ կարելի է անել` ախտորոշման արագությունն ու որակը բարձրացնելու համար: Արմինե Հարոյանի խոսքով, առաջին հերթին անչափ կարեւոր է առաջնային օղակը ներկայացնող բժիշկների որակավորումը բարձրացնել. այս կամ այն մտահոգիչ ախտանշանների առկայության դեպքում հիվանդներն առավել հաճախ պոլիկլինիկա են գնում` ըստ բնակավայրի նշանակված թերապեւտի մոտ, ուստի հենց այդ հաստատության բուժանձնակազմը պետք է ժամանակին ուշադրություն դարձնի ռեւմատիկ ախտանշաններին եւ ռեւմատոլոգի մոտ ուղեգրի:
Ինքնաբուժություն
Արմինե Հարոյանի համոզմամբ, հայ ժողովրդի` ինքնաբուժության նկատմամբ հակվածությունը նույնպես լուրջ խնդիր է հանդիսանում: Մարդիկ հաճախ փորձում են, մասնագետների օգնությանը դիմելու փոխարեն, հարազատների, ծանոթների ու հարեւանների խորհրդին հետեւել: Եթե հիվանդությունը վտանգավոր բնույթ ունի (իսկ ռեւմատիկ հիվանդությունների մեծ մասի պարագայում հենց այդպես էլ կա), հիվանդը կարող է կորցնել պահը եւ բժշկին դիմել այն ժամանակ, երբ արդեն դժվար կամ անհնար է որեւէ եղանակով օգնել:
Ֆինանսավորում
Բնակչության 25 տոկոսը այս կամ այն ռեւմատիկ հիվանդությամբ է տառապում, սակայն այդ մարդիկ ապահովված չեն հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղամիջոցներով, նշել է Արմինե Հարոյանը: Ռեւմատիկ հիվանդությունները պետպատվերով չեն բուժվում` բացառությամբ հաշմանդամության դեպքերի, սակայն խնդիրը նրանում է, որ ի սկզբանե չի կարելի թույլ տալ, որ այդ մարդիկ հաշմանդամ դառնան: Ինչպես արդեն նշել ենք, ռեւմատիկ հիվանդությունները հաճախ վերարտադրողական տարիքում` երիտասարդ տղաների եւ աղջիկների մոտ են ի հայտ գալիս: Այդ աշխատունակ մարդկանց հաշմանդամությունը կարծես թե շահավետ չէ երկրին:






