Նյու-Յորքի Համալսարանի պարուսույց  Ջիլ Ջեյկոբսը որոշ ժամանակ առաջ վիրաբույժների օգնությանն էր դիմել` արգանդի միոման հեռացնելու նպատակով եւ վիրահատությունից հետո անակնկալի եկել` տեղեկանալով, որ արգանդազերծման է ենթարկվել: Ճիշտ է` 48-ամյա կնոջն այդ օրգանն գործնականում այլեւս հարկավոր չէ, բայց վիրահատության արդյունքում վրա հասած դաշտանադադարը, Ջիլի խոսքով, «ցավ ու տառապանքի» պատճառ է դարձել:  Դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել կնոջ ներկայացրած բողոքը եւ հիվանդանոցից 142 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում պահանջել: Այդուհանդերձ, Ջիլը գտնում է, որ դատավճռով սահմանված գումարը «շոկի մեջ գցելու» աստիճան փոքր է, հաղորդում է Medical Daily-ն:

Նախքան վիրահատությունը Ջիլը փաստաթուղթ էր ստորագրել առ այն, որ ծայրահեղ դեպքում կարող է արգանդազերծման ենթարկվել: Բայց այդ ծայրահեղ դեպքը, նրա ընկալմամբ, այն էր, որ բժիշկները կարող էին քաղցկեղ հայտնաբերել, ինչը, դատելով արյան հետազոտությունների արդյունքներից, բոլորովին էլ առկա չի եղել: Այդուհանդերձ, վիրաբույժները հեռացրել են նրա արգանդը` այն համոզմամբ, թե դա է միոմայի դեմ պայքարի լավագույն եղանակը:

Ճիշտ է` բժիշկների մեղքը, համաձայն դատավճռի, այլեւս կասկածի տեղիք չի տալիս, սակայն հարց է ծագում` որքա՞ն կարող է կնոջ վերարտադրողական օրգանը արժենալ: Բոլորովին վերջերս Կանադայի դատարաններից մեկին դիմած տղամարդը բուժհաստատությունից 150 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում էր ստացել` առնանդամի չափերը սխալմամբ փոքրացնելու համար, ինչի արդյունքում շուրջ երկու տարի սեռական կյանքով զբաղվելու հնարավորությունից էր զրկվել: Ջիլի համոզմամբ, իր դեպքում իրադրությունը շատ ավելի բարդ է: Նրան ոչ թե այլեւս արգանդ չունենալու հարցն է այդքան մտահոգում, այլ այն, որ բժիշկները, առանց տեղյակ պահելու, «փրթել» են իրեն: «Սա կնոջ մարմնի ոտնահարման դասական օրինակ է», - նշել է նա` լրագրողների հետ զրույցի ընթացքում` հավելելով, որ վիրահատությունը մեկ այլ ծանր փորձառության մասին է հիշեցնում, որ նրա հետ 20 տարեկանում է պատահել. խոսքը առեւանգման եւ բռնաբարության մասին է:

Ներկայումս Ջիլը, սեփական երեւակայական պատկերին պատճառված վնասի հետեւանքով, դեպրեսիայի եւ մի շարք այլ ֆիզիոլոգիական խնդիրների զոհ է դարձել:

Առանց հիվանդի իմացության օրգանազերծումն այնքան էլ հազվադեպ երեւույթ չէ, որքան առաջին հայացքից կարող է թվալ: Բոլորովին վերջերս` ապրիլ ամսին կույր աղիքի հեռացման համար անգլիական հիվանդանոցների մեկին դիմած հղի կինը սխալմամբ ձվարանից էր զրկվել: Այնուհետեւ նա վիժել էր երեխային եւ 19 օր անց մահացել: