Պանամացի 22 ամսեկան Անա Պաուլան Լոս Անջելես է ժամանել` ուղղիչ վիրաբուժության ենթարկվելու նպատակով: Բանն այն է, որ աղջնակը երկվորյակ քրոջ հետ միասին կոնքի հատվածում` իշոպագ միակցում ունեցող սիամական երկվորյակի տեսքով է լույս աշխարհ եկել եւ առաջին ուղղիչ վիրահատության արդյունքում երեք ոտքով, նույնքան երիկամով եւ տարատեսակ վերարտադրողական հյուսվածքներով մնացել: Վիրաբուժական միջամտության արդյունքում Անա Պաուլայի երկրորդ կեսին փրկել չի հաջողվել: Ներկայումս, շահույթ չհետապնդող կազմակերպություններից մեկի միջնորդությամբ եւ օգնությամբ, փոքրիկ պանամացին ապաքինվելու եւ քայլելու հույսեր է փայփայում, հաղորդում է Medical Daily-ն:
Բժիշկները մտադիր են նրա միջին ոտքը` ամբողջությամբ, եւ աջ ոտքի մինչեւ ծունկն ընկած հատվածը հեռացնել եւ փոխարենը` պրոթեզ տեղադրել` այն համոզմունքով, որ աղջնակն ի վերջո ի վիճակի կլինի քայլել, վատագույն դեպքում` հենակների օգնությամբ:
Փոքրիկի վիրահատությունը մոտավորապես մեկ ամսից տեղի կունենա:
Անա Պաուլայի դեպքը չափազանց ինքնատիպ է: Աշխարհում տարեկան ընդամենը 12 նմանատիպ դեպքեր են գրանցվում: 2011թ. մեկ այլ հնդիկ երեխա` Լաքշմի Թաթման, 27 ժամ տեւողությամբ վիրահատության էր ենթարկվել` երկու հավելյալ ոտքերից եւ ձեռքերից ազատվելու համար: Այդպիսի իշիոպագ միակցումը, երբ երկվորյակները չորսական ձեռք ու ոտք են ունենանում, առավել հազվադեպ բնույթ է կրում: Լաքշմիի երկրորդ կեսը դեռեւս մոր արգանդում էր թերզարգացած` առանց գլխի եւ մարմնի այլ մասերի մնացել:
Աշխարհում գրանցվող 100 հազար հղիություններից մեկը սիամական երկվորյակների ծնունդով է ավարտվում: Իսկ ահա դրանց տոկոսի պարագայում միակցումը կոնքի հատվածում է լինում, որի դեմ միայն ուղղիչ վիրաբուժության օգնությամբ կարելի է պայքարել:





