Բրիտանական Ուեսթ Յորքշիր կոմսության Հադերսֆիլդ քաղաքից 29-ամյա Քեթի Բեննեթի մոտ միզապարկի քաղցկեղը հայտնաբարվել է հղիության վաղ փուլում ՈՒՁՀ-ի միջոցով: Նա համոզված է, որ հղիությունը փրկել է իր կյանքը:

Daily Mirror պարբերականը հայտնում է, որ 2018 թվականի փետրվարին Քեթին պատրաստվում էր իր փեսացուի հետ մեկնել մեղրամիսի, երբ իմացել է հղիության մասին: Սակայն նրա մետ արնահոսություն է սկսվել, ինչի պատճառով ուղարկել են հետազոտության:

«Ամեն ինչ ասես երազում լիներ,- հիմա հիշում է Քեթին: - Մեզ ասացին, որ պտղի սրտի բաբախյունը նորմալ է, եւ հղիությունն ընթանում է առանց բարդությունների: Բայց բժիշկը շուտով մեզ կանչեց իր կաբինետ զրուցելու»:

Բժիշկը հայտնել է, որ ՈՒՁՀ-ով նրա միզապարկում ուռուցք է հայտնաբերվել՝ ամենայն հավանականությամբ, քաղցկեղային: Պացիենտին կատարել են ցիստոսկոպիա՝ էնդոսկոպի միջոցով միզապարկի զննում, որն ախտորոշումը հաստատել է: Քանի որ ուռուցքը ժամանակին են հայտնաբերել, պացիենտին դեռեւս կարող էին օգնել:

Հղիության երրորդ ամսում (12-րդ շաբաթ) Քեթիին վիրահատել են. վիրաբույժները դիմել են հղի պացիենտի համար առավել անվտանգ մեթոդի եւ հեռացրել են ուռուցքի մասը:

Ծննդաբերությունից 2 ամիս առաջ անցկացրել են հերթական ցիստոսկոպիան եւ նորից քաղցկեղային ուռուցք հայտնաբերել: Նորածին Օսկարի լույս աշխարհ գալուց հետո կինը սկսել է բուժումը: 2019-ի հունվարին նորաթուխ մայրիկն անցել է քիմիաթերապիայի 6-շաբաթական կուրս:

«Դա ուժասպառ էր անում: Ես ցանկանում էի ժամանակն անցկացնել տանը Օսկարի հետ: Բայց ստիպված էի ամեն շաբաթ հիվանդանոց գնալ»,- նշել է կինը:

Քեթին փետրվարին լրացուցիչ զննում է անցել՝ իմանալու համար, թե իր օրգանիզմն ինչպես է արձագանքում բուժմանը: Բժիշկների խոսքով՝ ուռուցքի չափերը փոքրացել են, բայց այն վերջնականապես չի վերացել: Քեթին, սակայն, լավատեսորեն է տրամադրված եւ հույս ունի, որ ամեն ինչ լավ կլինի:

«Ինչ էլ, որ պատահի, Օսկարն իմ կյանքը փրկել է: Եթե հղիությունս չլիներ, ես գուցե այդպես էլ չիմանայի քաղցկեղի մասին»,- ամփոփել է Քեթին: