Ֆրանսիան կարող է բախվել սառեցված սերմնահեղուկի պակասի խնդրին, եթե օրենսդիրները հավանություն տան նոր օրենքին, որը թույլ կտա միայնակ կանանց եւ լեսբոսուհի զույգերին արտամարմնային բեղմնավորման դիմել, եւ կչեղարկի սերմնահեղուկի ու ձվաբջիջների դոնորների իրավունքը՝ գաղտնի պահել իրենց անձը, տեղեկացնում է Reuters-ը։
Երկրի Ազգային ժողովում սկսում են քննարկել կենսաէթիկայի մասին օրինագիծը, որը մեղմում է Արեւմտյան Եվրոպայի ամենախիստ կանոնների մի մասը, որոնցով կարգավորվում է հղիությունը բժշկական օգնության միջոցով։
Համաձայն Ֆրանսիայում գործող օրենքի՝ ԱՄԲ-ն հասանելի է միայն տարասեռ զույգերին եւ միայն անպտղության կամ հիվանդությունը երեխային փոխանցելու պատճառով։
Առողջապահության նախարար Ագնես Բուզինը կանխատեսում է ԱՄԲ միջամտության պահանջարկի ավելացում մոտավորապես երկու երրորդով։
Զույգերը միջինը 12 ամիս են սպասում ԱՄԲ առաջին փորձի գրանցման պահից։ Սերմնահեղուկի պետական բանկերի ֆրանսիական ցանցի (CECOS) ներկայացուցիչներն ասել են, որ կրիոկոնսերվացված սերմնահեղուկի մատակարարումը հազիվ է բավարարում պահանջարկը։
Ավելին, նրանք կանխատեսում են, որ դոնորների անանունության չեղարկումը կհանգեցնի նրան, որ գրանցված արական եւ իգական սեռի դոնորների երեք քառորդը կմերժի կլինիկաներին օգտագործել իրենց սերմնահեղուկն ու ձվաբջիջները նոր կանոնների համաձայն։
«Ասել, թե «ամեն բան լավ կլինի», նույնն է, թե գլուխդ ավազի մեջ թաքցնես»,- ասել է CECOS դաշնության նախագահ Նատալի Ռիվզը։ «Կլինի անկայունության շրջան՝ պահանջարկի մեծացմամբ եւ նոր դոնորների ներգրավման անհրաժեշտությամբ։ Մենք չգիտենք, թե ինչքան երկար կտեւի այդ անկայունությունը, եւ արդյոք դեֆիցիտ կլինի»։
Կենսաէթիկայի մասին օրինագիծը, որը թույլ կտա կանանց սառեցնել իրենց ձվաբջիջները նաեւ ոչ բժշկական պատճառներով, որպեսզի բարձրացնի երեխաներ ծնելու նրանց հնարավորությունը, նախագահ Էմանուել Մակրոնի առաջին խոշոր հանրային բարեփոխումն է։
Պրոֆեսոր Ռեյչլ Լեւին, որը CECOS կենտրոնի կառավարիչն է Փարիզի Tenon հիվանդանոցում, ասել է, որ դոնորների գաղտնիությունը կպահպանվի 13 ամսվա ընթացքում՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, որպեսզի օգնի սերմնահեղուկի բանկերին ավելացնել պաշարները։
Այնուհետեւ կլինի երկրորդ փուլը, երբ գոյություն ունեցող դոնորները պետք է համաձայնություն տան կամ հրաժարվեն, որ իրենց կրիոկոնսերվացված սերմնահեղուկն օգտագործվի նոր կանոններին համապատասխան։ Նրանց նմուշները, ովքեր կհրաժարվեն, կվերացվեն ավելի ուշ։






