Ալկոհոլային խմիչքների եւ երեկույթների սիրահարների համար խումարը նորություն չէ: Գլխացավը, գլխապտույտը, թմրությունը եւ երբեմն էլ` սրտխառնոցն այնպիսի տհաճ զգացողություններ են առաջացնում, որ մտածում եք` վերջ, էլ խմել չկա, բայց հաջորդ երեկույթին պատմությունը կրկնվում է: Ինչո՞ւ:

Պատճառը բացահայտելու նպատակով իրականացված հետազոտության շրջանակում լաբորատոր առնետներ են փորձարկվել` հասկանալու համար, թե ինչ ազդեցություն է թողնում ալկոհոլը նրանց օրգանիզմի վրա: Արդյունքում պարզվել է, որ հարբած կենդանիների մոտ թալամուսի կողմնային սանձիկի ապաակտիվացում է նկատվում: Ուղեղի այս հատվածը դեպրեսիայի եւ խուսափողական վարքագծի համար է պատասխանատու: Այն սովորաբար վատ տպավորության առկառության դեպքում է ակտիվանում, իսկ երբ ակտիվ չէ` անցանկալի վարքը որքան ասես` կարող է կրկնվել, տեղեկացնում է Daily Mail-ը:  

Կողմնային սանձիկի ապաակտիվացման արդյունքում առնետները անընդհատ դեպի ալկոհոլն են ձգտել, թեկուզ եւ այն մեծ տհաճություն է պատճառել կանդանիներին: Եզրահանգման տրամաբանությունը մարդկանց վրա տարածելով, գիտնականներն այն հետեւության են եկել, որ խումարության տհաճ հատկանիշները չեն կարող միջոց լինել` խմելու սովորությունից խուսափելու համար: 

Մեկ անգամ էլ հիշեցնենք` ալկոհոլի չարաշահումը կարող է վթարի, վիժման եւ ալկոհոլային թունավորման պատճառ դառնալ, իսկ երկարաժամկետ հեռանկարում լյարդի հիվանդություններ, դեպրեսիա, թուլամտություն եւ տարբեր օրգանների քաղցկեղ առաջացնել: Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ բացահայտումը խթան կհանդիսանա` տարեկան տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլող ալկոհոլային կախվածության դեմ արդյունավետ բուժում գտնելու համար: