Տղամարդը զրկվել էր վերջույթներից, ինչպես նաեւ քթի ծայրից ու վերին շրթունքի մի մասից մանրէի պատճառով, որը ձեռք էր բերել սիրելի շնից։ Խոսքը կապնոցիտոֆագայի մասին է, տեղեկացնում է AP-ը։

Կապնոցիտոֆագան սովորաբար հանդիպում է կատուների եւ շների թքի մեջ եւ գրեթե երբեք չի հանգեցնում հիվանդությունների մարդկանց մոտ, եթե միայն մարդու իմունային համակարգը խախտված չէ։ Բայց Գրեգ Մանթեյֆելը միանգամայն առողջ էր։ Նա նույնիսկ բժշկական ապահովագրությունը չէր օգտագործել, քանի դեռ չէր հիվանդացել։

Սա չափազանց հազվադեպ դեպք է։ Բժիշկները չեն կարողացել բացատրել, թե ինչու նա այդպես հիվանդացավ։ Վերջին 10 տարիներին հինգ դեպք է եղել, երբ այդ մանրէն նման ռեակցիա է առաջացրել առողջ մարդկանց մոտ։ Հետազոտողների թիմը մշակեց տեսություն, թե ինչու դա տեղի ունեցավ։ Պատճառը կարող է լինել բոլոր տուժածների գեների փոփոխությունը։

Դա նշանակում է, որ բժիշկները չեն կարող բացառել, որ կապնոցիտոֆագայի մանրէները կարող են նորից ախտահարել Մանթեյֆելին եւ մյուս զոհերին։

Գրեգ Մանթեյֆելը մտածում էր, որ հիվանդացել է գրիպով 2018 թվականի հունիսին։ Նա տենդ է ունեցել, փսխում եւ լուծ։ Բժիշկները արյան անալիզ են արել եւ հայտնաբերել կապնոցիտոֆագա, որն առաջ  է բերել սեպսիս՝ արյան ծանր վարակ, որը հանգեցրել է արյան ճնշման անկման եւ շատ օրգանների գործունեության դադարեցման։

Գրեգը 20 վիրահատության է ենթարկվել, այդ թվում արմունկից ներքեւ ձախ եւ աջ ձեռքերի ու ոտքերի անդամահատման։

Երկու շաբաթ անց նա դուրս է գրվել վերականգնողական ստացիոնար բաժնից եւ սովորել տեղաշարժվել հաշմանդամի սայլակով դեպի իր մահճակալը, զուգարան եւ մեքենա։ Մանթեյֆելը արագ հաջողությունների է հասել նաեւ ձեռքերի ու ոտքերի պրոթեզներն օգտագործելիս։

Հետազոտողները գենետիկ թեստավորում են անցկացրել հինգ առողջ մարդկանց վրա, որոնք ունեցել են կապնոցիտոֆագայի վարակ, պարզելու համար, թե կարող են արդյոք ինչ-որ ընդհանուր բան գտնել։ Նրանք հայտնաբերել են, որ բոլորն ունեցել են գեն՝ կապված իմունային համակարգի հետ, որն այլ կերպ է աշխատել։ Նրանք կարծում են, որ դա մարդկանց ավելի ընկալունակ է դարձնում լուրջ բժշկական խնդիրներ ձեռք բերելու հարցում, որոնք առաջ են գալիս կապնոցիտոֆագայով վարակվելիս։

Հինգից երեքի դեպքում պացիենտները ողջ են մնացել, բայց նրանց վերջույթները անդամահատել են։