Կենցաղային էլեկտրական իրերի, անվտանգության, ջեռուցման եւ այլ համակարգերի աշխատանքը սմթարֆոնի միջոցով վերահսկող «խելացի տան» հայեցակարգը կարծես թե սկսում է զիջել դիրքերը. հորիզոնում կենցաղային տեխնոլոգիաների նոր հեղափոխություն է նշմարվում: Խոսքն այս անգամ «առողջակենտրոն» տան մասին է, հաղորդում է NewsMax Health-ը:

Արեւմտյան պարբերականները սկսել են առանձնատների` կենցաղային կլինիկայի եւ առողջարանային կենտրոնի գաղափարի առանցքի շուրջ կառուցման նորարարության մասին թմբկահարել: Ժամանակակից տեխնոլոգիաների վերջին ճիչը երիտասարդ եւ առողջ մնալու ցանկությամբ տոչորվող միլիոնատերերի եւ միլիարդատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Ասում են` Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթն արդեն սկսել են 3 մլն դոլար արժողությամբ` ռենտգեն սարքավորումներով եւ համակարգչային տոմոգրաֆիայով զինված բժշկական հանգույց կառուցել:

«Առողջակենտրոն» տների բնակիչները կարող են C վիտամինով հարստացված ցնցուղ ընդունել` ջուրը քլորից զտելու եւ առողջ մաշկ ապահովելու համար: Այս մեկից էլ, ըստ լուրերի, Լեոնարդո ԴիԿապրիոն ունի:

Իսկ ահա Գրինվիչ Վիլիջի նորակառույց շենքերում, Դելոս ընկերության ջանքերով, արոմաթերապիա կիրականացվի` մատակարարվող օդի եւ ռեֆլեքսոթերապիա` հատուկ եղանակով ջեռուցվող հատակածածկի հաշվին:

Լոս Անջելեսի 65 մլն ընդհանուր արժողությամբ նորակառույց տներից մեկը բոտոքսի կայան եւ ատամնաբուժամական աթոռ է ներառում: Իսկ ահա ճարտարապետ Դուք Բուրջը Մալիբուում այնպիսի տներ է նախագծել, որ բնակիչները կարող են, առանց պապարացիների աչքն ընկնելու, վարսահարդարի, մերսողի կամ մարզչի ծառայություններից օգտվել:

Որոշ տներում էլ բասկետբոլի դահլիճ, բոուլինգի սրահ եւ գոլֆի սիմուլյատորներ են կառուցվում:

Իսկ ամենաազդեցիկ եւ բարձրաստիճան բիզնեսմենները կարող են դիզայներ Քենեթ Բորդուիքի նախագծմամբ կառուցված առանձնատներից օգտվել, որտեղ, ի թիվս այլ ծառայությունների, նաեւ ինտենսիվ բուժման բաժանմունք է գործում: