Ստենտֆորդի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները մարդու գլխուղեղի` շփումներ փնտրելու եւ նոր ծանոթություններ հաստատելու ցանկության համար պատասխանատու հատվածն են հայտնաբերել: Այդ «սոցիալական ցանցը», ինչպես գիտնականներն են կատակով անվանում, որոշ նեյրոնային շղթաների ակտիվության պարագայում է «միանում»:
Մասնագետները փորձարկումներ են անցկացրել լաբորատոր մկների վրա` համոզմունք ունենալով, որ ստացված արդյունքները կարող են նաեւ մարդկանց վրա տարածվել: Օպտոգեն մեթոդի օգնությամբ (զոնդավորում) նրանց հաջողվել է կրծողների տարբեր նեյրոնային շղթաների աշխատանքին հետեւել եւ արդյունքում` ճանաչողական եւ զգացական արձագանքների համար պատասխանատու դոֆամինի խտության եւ շփումներ հաստատելու ցանկության միջեւ կապը հայտնաբերել:
Հիշյալ հորմոնի ազդեցությամբ փորձարկվող մկները վանդակների մեջ տեղակայված անծանոթ արարածների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել, իսկ դոֆամինի արգելափակման դեպքում` պարզապես արհամարհել նրանց:
Նյարդաբանների խոսքով, բացահայտումը նշանակալի հեռանկարներ կարող է պարունակել` հոգեկան հիվանդությունների բուժման համար, եթե խանգարում ունեցող մարդիկ շփումներ հաստատելու եւ սոցիալական միջավայրին ինտեգրվելու հետ կապված խնդիրներ ունենան:
«Հարկավոր է այնպիսի դեղամիջոց ստեղծել, որի բաղադրիչները գլխուղեղի այս կամ այն հատվածները խթանելու հնարավորություն կունենան: Այդ կերպ խնդրի լուծումն ապահովված կլինի», - համոզմունք են հայտնել փորձագետները:






