Շաքարախտով հիվանդների 90-95 տոկոսի մոտ հիվանդության երկրորդ տիպն է ախտորոշվում: Նշանակված բուժումը նրանց արյան մեջ շաքարի բաղադրության նվազեցնելու եւ բարդություններից, մասնավորապես` կուրությունից, երիկամի, սրտի եւ նյարդային բնույթի տարբեր հիվանդություններից խուսափելու նպատակ է հետապնդում:  Այդուհանդերձ, վերջերս իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս տարածում գտած բուժամիջոցը հատկապես տարեց մարդկանց շրջանում ոչ միշտ է արդյունավետ, հաղորդում է Medical Daily-ն:

Խնդիրը, մասնավորապես, նրանում է, որ արյան մեջ շաքարի նվազեցված բաղադրությունը եւ ինսուլինի հաճախակի ներարկումները կարող են լուրջ անհարմարություններ առաջացնել նրանց համար, երբեմն էլ` դեպրեսիվ տրամադրությամբ հղի ծանր բեռ դառնալ եւ արդյունքում` կյանքի որակը նշանակալիորեն նվազեցնել: Այսքանից հետո հարց է ծագում` արժե՞ արդյոք համապատասխան բուժումն ընդունել: Միգուցե` ոչ:

Փոխարենը, թեկուզ` էլի դժվարությամբ, կարելի է առողջ սննդակարգի եւ ֆիզիկական վարժությունների միջոցով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կառավարելի պահել: Այս տարբերակն, անշուշտ, վտանգներով է հղի, քանի որ շաքարախտի հետագա զարգացումը կարող է լուրջ բարդություններ առաջացնել, սակայն 75-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար միգուցե եւ ճիշտ այլընտրանք է:

Շաքարախտի բուժման վնասակար հետեւանքները միայն տարեց մարդկանց համար չեն հատուկ: 2007թ. իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բոլոր տարիքի հիվանդների մոտ ոչ միայն բուն հիվանդությունից է կյանքի որակի անկում առաջանում, այլ նաեւ` բուժման արդյունքում: Խոսքը հատկապես այն մարդկանց մասին է, որոնք արյան մեջ գլյուկոզայի բաղադրության ինտենսիվ վերահսկողության են ենթարկվում: