Ռուստաստանից ժամանած ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը, ում անունով է կոչվում «Էրեբունի» բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիկ կենտրոնը, Հայաստան է ժամանել եւ այստեղ սրտի ստենտավորման վիրահատություն է կատարել։
Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Սրտանոթային հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենա-վիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար, ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ Բագրատ Ալեքյանը վիրահատել է մի հիվանդի, ով վերջին 10 տարիների ընթացքում սրտի անոթների հետ կապված խնդիրներ ուներ, որոնք նրան խանգարում էին ակտիվ կյանքով ապրել։ Բժշկի խոսքով՝ արդեն վաղը հիվանդը կկարողանա տուն գնալ, իսկ ինքը Բագրատ Ալեքյանը այսօր դեռեւս մի քանի վիրահատություն է անելու։
Ինչպես Բագրատ Ալեքյանը պատմեց լրագրողներին, ստենտավորումը պրոֆիլակտիկա է ինֆարկտի դեմ։ Եթե հիվանդն ունի սրտի անոթների նեղացում, որը կարող է ինֆարկտի հանգեցնել, նրան հաճախ ցուցված է լինում ստենտավորում, որի ժամանակ հատուկ մետաղական ցանցերի միջոցով անոթները լայնացվում են, եւ արյան հոսքը դեպի սիրտը վերականգնվում է։
Ինչպես նշեց Բագրատ Ալեքյանը, սուր ինֆարկտի դեպքում ստենտավորման ժամանակ մահացությունը կազմում է ընդամենը 5 տոկոս, իսկ առանց ստենտավորման հիվանդների մոտ 20-25 տոկոսը մահանում են։
Նա նշեց նաեւ, որ մոտ 1 միլիոն բնակչություն ունեցող Երեւանում տարեկան մոտ 3000 ստենտավորում է կատարվում՝ իշեմիկ հիվանդության ժամանակ։ Նրա խոսքով՝ Եվրոպական երկրներում միջինում 1 միլիոն բնակչության համեմատությամբ կատարվում է մոտ 2000 ստենտավորում, այնպես որ, Հայաստանում նման վիրահատություններ նույնիսկ ավելի շատ են արվում, քան շատ Եվրոպական երկրներում։
Ստենտավորման այլընտրանք է կորոնար շունտավորումը, որը աշխարհում կատարվում է 1968 թվականից; սակայն այսօր ստենտավորումը շատ ավելի հաճախ են անում, քան շունտավորումը՝ սրտի անոթների խնդիրների պատճառով վիրահատության կարիք ունեցող հիվանդների մոտ 80 տոկոսը ստենտավորում են ստանում։






