Հայաստանում պետք է տարեկան մոտ 1500 ստենտավորում կատարել՝ ինֆարկտները, կրկնակի ինֆարկտները եւ դրանց պատճառով առաջացած բարդություններն ու մահերը կանխելու համար։ Եթե յուրաքանչյուր վիրահատություն արժե մոտ 2000 դոլար, ապա ընդամենը 3 միլիոն դոլար է անհրաժեշտ՝ երկրում սուր ինֆարկտի խնդիրը լուծելու համար։ Այս մասին լրագրողներին պատմեց Մոսկվայի Ա.Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Սրտանոթային հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենա-վիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար, ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը։

Հայաստանում, բժշկի խոսքով, շատերը հնարավորություն չունեն վճարել ստենտավորման համար, այդ պատճառով երկրում պետական ծրագիր է անհրաժեշտ։ Իսկ եթե այդ վիրահատություններն իրականացվեն պետպատվերի շրջանակներում, հնարավոր կլինի շատ եւ շատ հիվանդների կյանքեր փրկել եւ մոտ 20 տոկոսով նվազեցնել մահացությունը։

Բագրատ Ալեքյանը նշեց նաեւ, որ վերջին երկու տարիների ընթացքում Մոսկվայում քրոնիկ հիվանդները վիրահատվում են պետպատվերի շրջանակներում, իսկ սուր ինֆարկտ ունեցող հիվանդների վիրահատության ծախսերը հոգում է բժշկական ապահովագրությունը։

Հիշեցնենք, որ ստենտավորումը վիրահատական միջամտություն է, որի ժամանակ լայնացվում են սրտի անոթները, ինչն օգնում է կանխել ինֆարկտը եւ կրկնակի ինֆարկտը։ Եթե սուր ինֆարկտի դեպքում հիվանդներին ստենտավորում են անում, մահացությունը կազմում է ընդամենը 5 տոկոս, իսկ առանց ստենտավորման մահանում է հիվանդների շուրջ 20-25 տոկոսը։