Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ:

Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան` կրծքավանդակի հատվածում զգացվող ցավերով:  

«Մեկը ֆերմեր էր. ցավ զգալուն պես անմիջապես մեզ մոտ էր եկել: Իսկ ահա մյուսը մի քանի ժամ սպասելուց հետո էր ժամանել», - պատմում է սրտաբանը: 

Տարբեր որոշումները տարբեր ազդեցություն թողեցին հիվանդների վրա. ֆերմերը, անհրաժեշտ բուժումը ստանալով, հաջորդ օրն իսկ աշխատանքի վերադառնալու թույլտվություն ստացավ: Իսկ ահա երկրորդ հիվանդի սրտի մկաններին անդառնալի վնաս էր հասցվել, հաղորդում է NewsMax Health-ը: 

Ստորեւ հինգ բարդություններ ենք ներկայացնում, որոնց պարագայում անհապաղ բուժումը կարող է կենսական կարեւորություն ունենալ.

Ցավ` կրծքավանդակի շրջանում. հնարավոր է` 90 րոպե ունեք

Կրծքավանդակի շրջանում զգացվող ցավը երբեք չպետք է արհամարհել: Հատկապես եթե այն կտրտվող շնչառությամբ եւ կրծքավանդակի ճնշմամբ է զուգորդվում:  Կարող են այլ նախանշաններ եւս լինել` գլխապտույտ, ուժեղ քրտնարտադրություն, պարանոցի, ուսի կամ բազկի ստորին հատվածում զգացվող, շարժմանը զուգընթաց ուժեղացող ցավ:

 Ինսուլտ. 3 ժամից չուշանաք

Իշեմիկ ինսուլտի դեպքում, երբ զարկերակների մեջ խցանումներ են սկսվում, յուրաքանչյուր րոպեն կենսական կարեւորություն կարող է ունենալ: Հիշեք, որ այդ պարագայում յուրաքանչյուր 60 վայրկյանի ընթացքում ուղեղի 2 մլն բջիջներ են մահանում: Եթե ժամանակին բուժում չստանաք` կարող եք շարժվելու կամ խոսելու ընդունակությունը կորցնել:

Հիվանդության ախտանշաններն են` խոսքի անկառավարելիություն, հավասարակշռության կորուստ, թուլություն, դեմքի, ձեռքերի եւ ոտքերի թմրածություն:

Գլխի վնասվածք` գիտակցության կորստով. 60 րոպեն ի՞նչ է, որ չհասցնեք

Նատաշա Ռիչարդսոնը 2009թ.-ին դահուկավազքի ժամանակ վայր էր ընկել եւ գլխին ծանր հարված ստացել: Գիտակցությունը վերգտած  45-ամյա դերասանուհին չէր ցանկացել բժշկական օգնության դիմել: Մի քանի օր անց, էպիդուրալ հեմատոմայի արդյունքում, մահը վրա էր հասել:

Դոկտոր Ֆենսթերը խորհուրդ է տալիս նույնիսկ գիտակցության կորստի բացակայության դեպքում անհրաժեշտ ստուգումներ անցնել:

Կարկամախտ. կարելի  է 72 ժամ սպասել

Չնայած մեր օրերում կարկամախտի վարակը հազվադեպ բնույթ է կրում, ավելի լավ է անվտանգության միջոցառումներ ձեռնարկել, քան հետո զղջալ` ոչինչ չանելու համար:

Կարկամախտը շատ հեշտ է բուժվում, բայց եւ անուշադրության մատնելու դեպքում կարող է մահացու ելք ունենալ: 

Կեղտի մեջ բազմացող վարակը կարող է կենդանիներից անցնել` խայթոցի միջոցով: Բացի այդ, կեղտոտ իրերի հետ շփման արդյունքում, մահաբեր մանրէները կարող են վերքերի, քերծվածքների կամ պարզապես մաշկի ծակոտիների միջով օրգանիզմ ներթափանցել: Եթե վերջին հինգ տարիների ընթացքում վարակի դեմ պատվաստանյութ չեք ընդունել, վերը նկարագրված դեպքերում հարկ է անմիջապես բժշկի օգնությանը դիմել: 

Խորը երակային թրոմբոզ. 2-3 ժամ ունեք

Խորը երակային տրոմբոզի դեպքում ոտքի երակային խցանումները պոկվելու եւ, դեպի թոքերը շարժվելով, զարկերակի էմբոլիա առաջացնելու սպառնալիք են պարունակում: 

 «Խորը երակային թրոմբոզի դեպքում ոտքերի ուժեղ ցավ եւ կտրտվող շնչառություն է նկատվում», - զգուշացնում է դոկտոր Ֆենսթերը:

 Հիվանդությունը կարող է երկար ժամանակ նստած անցկացնելու արդյունքում ի հայտ գալ: