Բժիշկներից շատերը անակնկալի կգան` իմանալով, որ վաղուց արդեն իրենց տրամադրության տակ գտնվող դեղամիջոցներից մեկը կարող է նաեւ քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայել: Համենայն դեպս, վերջերս իրականացված հետազոտությունների մեկի արդյունքներն այդ մասին են վկայում:
Ռիչմոնդի Virginia Commonwealth համալսարանի բժշկական փորձագետներն այն եզրահանգման են եկել, որ ալերգիայի եւ մրսածության դեմ կիրառվող հակահիստամինները հակաքաղցկեղային ներուժ ունեն եւ կարող են ուռուցքների դեմ պայքարի արդյունավետ միջոց դառնալ: Մասնավորապես, նրանք ի վիճակի են են օրգանիզմի` ուռուցքների դեմ պայքարի կարողությունը ճնշող` միելոբլաստային հիմքով բջիջների աշխատանքին միջամտել, հաղորդում է NewsMax Health-ը:
Առաջին հայացքից անկախ թվացող երկու հիվանդությունների` ալերգիայի եւ քաղցկեղի միջեւ կապի բացահայտումը նորույթ է բժշկագիտության մեջ, եւ, անշուշտ, նոր հետազոտություններ անհրաժեշտ կլինեն` հակահիստամինների` քաղցկեցի դեմ պայքարի առումով արդյունավետությունը հաստատելու համար:
Հետազոտության ընթացքում փորձարկումներ են իրականացվել` քաղցկեղային ուռուցքներ կրող լաբորատոր մկների վրա: Նրանց միելոբլաստային հիմքով բջիջներ եւ ապա` անտիհիստամին` ցիմետիդին է ներարկվել: Այլ պայմաններում ուռուցքի աճը խթանող բջիջները հին ու բարի դեղամիջոցի ազդեցությամբ անզոր են գտնվել` որեւէ զարգացում հրահրելու համար:
Գիտնականները նաեւ ալերգիկ ախտանշաններ ունեցող հիվանդների արյունն են հետազոտել` պարզելու համար, որ այդ մարդկանց մոտ միելոբլաստային հիմքով ճնշող բջիջների մեծ խտություն է նկատվում:






