Հեմոֆիլիայով հիվանդներին ստանդարտ բուժումից բացի անհրաժեշտ է նաեւ ֆիզիոթերապիա. մերսումների եւ ճիշտ մարզումների օգնությամբ կարելի է նկատելիորեն լավացնել նրանց վիճակը եւ բարձրացնել կյանքի որակը։
Հենց այս ոլորտում իրենց գիտելիքներն ու փորձը հայ մասնագետներին փոխանցելու համար Երեւանի Արյունաբանական կենտրոն են այցելել Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի Հեմոսթազի կենտրոնի հոդային բարդությունների մասնագետ, ֆիզիոթերապեւտ Նշան Զուրիկյանը եւ Չիկագոյի Ռաշ համալսարանի հեմոֆիլիայի եւ թրոմբոֆիլիայի կենտրոնի դոկտոր Անգելա Ֆորսայթը։
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը, կենտրոնի հյուրերը երկարամյա փորձ ունեն հեմոֆիլիայի եւ դրա պատճառով առաջացող հոդային եւ մկանային բարդությունների բուժման մեջ, եւ նրանք ոչ միայն կկիսվեն իրենց փորձով հայ մասնագետների հետ, այլեւ հինգ հիվանդի կընդունեն կենտրոնի մասնագետների հետ միասին եւ ֆիզիոթերապեւտիկ բուժման մասին դասախոսություն կկարդան։ Նրանք նաեւ մի քանի հայ բժիշկի կընտրեն, որոնք հետագայում կվերապատրաստվեն արտերկրում՝ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ծրագրերից մեկի շրջանակներում։
Նշան Զուրիկյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ իր եւ իր կոլեգայի այցը Հայաստան կամավոր հիմունքներով է՝ նրանք ուղղակի ցանկանում են, որ հեմոֆիլիայով հիվանդները ավելի լավ եւ ժամանակակից բուժում ստանան։ «Մենք հայ ենք եւ միմյանց պետք է օգնենք», - նշեց կանադահայ բժիշկը։
Անգելա Ֆորսայթը իր հերթին նշեց, որ բոլոր երկրներում հեմոֆիլիայի բուժման ոլորտում կան որոշակի խնդիրներ, որոնք շտկման կամ լուծման կարիք ունեն։ Մասնավորապես, ֆիզիոթերապեւտների մասնակցության պակասը հեմոֆիլիայի բուժման գործընթացում զգացվում է նույնիսկ ԱՄՆ-ում։
Հեմոֆիլիան ժառանգական հիվանդություն է, որով սովորաբար տառապում են տղամարդիկ։ Հիվանդների մոտ 80 տոկոսը հաշմանդամություն ունի, քանի որ մշտական արյունազեղումների պատճառով նրանց հոդերն ու մկանները վնասվում են, ինչի պատճառով նրանց շարժունակությունը եւ աշխատելու հնարավորությունը սահմանափակվում է։
Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը համոզված է, որ եթե ֆիզիոթերապիան ավելի լայնորեն կիրառվի Հայաստանի հեմոֆիլիայով հիվանդների բուժման գործընթացում, հիվանդները կկարողանան հնարավորինս զերծ մնալ վերը նշված հոդային բարդություններից եւ ավելի լիարժեք կյանքով ապրել։






