Չորս կանադացի` ՄԻԱՎ-ով լույս աշխարհ եկած երեխաներ ծննդաբերությունից ժամեր անց` հեղափոխական պատվաստանյութի օգնությամբ ստացված բուժօգնության արդյունքում լիովին ազատվել են հիվանդությունից: ՄԻԱՎ-ի դեմ պայքարի նոր միջոցը կարող է ամենագլխավոր քայլը դառնալ` 20-րդ դարի «ժանտախտը» համարվող հիվանդության դեմ արդյունավետ պայքարի ճանապարհին, հաղորդում է International Business Times-ը:
Բոլորովին վերջերս ՄԻԱՎ-ը եւ ՁԻԱՀ-ը բացարձակ անբուժելի հիվանդություններ էին համարվում: Թերապիայի ժամանակակից միջոցները կարող են տասնամյակներով «լռեցնել» ՄԻԱՎ-ը` չթողնելով, որ այն ՁԻԱՀ-ի վերածվի եւ այդ կերպ մարդուն մինչեւ խորը ծերություն ապրելու հնարավորություն ընձեռել, սակայն վարակից լիովին ազատվելու եղանակ դեռեւս ոչ ոք չի գտել: Միայն 2013թ. Ամերիկացի բժիշկները, ՄԻԱՎ-ով լույս աշխարհ եկած նորածնին հակավիրուսային դեղամիջոցների մեծ չափաբաժին ներարկելով, կարողացան լիովին ապաքինման հասնել: Եւ ահա նույն մեթոդը Կանադայում չորս նորածինների է փրկել:
Հինգերորդ երեխան, որի նկատմամբ եւս նույն թերապիան է կիրառվել, վերջնականապես չի ազատվել վարակից, չնայած այն աննշան փոքր ծավալով է երեխայի օրգանիզմում առկա: Սույն թվականի հուլիսի 20-ին Մելբուռնում ՉԻԱՀ-ին նվիրված գիտաժողով է մեկնարկելու, որի ընթացքում բոլոր հիշատակված դեպքերը մանրազննին քննարկման կդրվեն: Որոշ փորձագետներ գտնում են, որ մարդկության` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը բեկումնային պահի է հասել:
Տեսականորեն կարելի է ասել, որ գիտությունը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ է ձեռք բերել, սակայն նոր տեխնոլոգիան միայն առավելապես վաղ կիրառման դեպքում է ցանկալի արդյունքի բերում: Այնպես որ պետք չէ շտապել` հայտարարելու համար, թե ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոց է գտնվել:
Բացի այդ, ներկայումս իրենք` բժիշկներն անգամ միանշանակ համոզված չեն, որ փոքրիկներն այլեւս բուժվել են հիվանդությունից: Ճիշտ է` նրանց օրգանիզմում վարակ չի նտակվում, սակայն տեսականորեն այն կարող է վերադառնալ, եթե դադարեն դեղամիջոցներ ընդունել, ինչը մոտ ապագայում կպարզվի: Անհրաժեշտ է նաեւ համոզվել, որ թերապիայի նույն եղանակը նաեւ չափահաս մարդկանց պարագայում է արդյունավետ: Եվ այդուհանդերձ, հարկ է նշել, որ ստացված արդյունքները մեծ ոգեւորություն են պատճառել բժիշկներին:






