Ամերիկացին ժամանակավորապես կաթվածահարվել էր նրա ուղեղով սնվող ամեոբայի պատճառով։ Այն բանից հետո, երբ Ռայան Փերին հիդրոցիկլով մտավ Սասքուէհան, նրա մոտ ուժեղ գլխացավ եւ սրտխառնոց սկսվեց, տեղեկացնում է Fox News-ը։

Փերին հոսպիտալացվեց մայիսի 11-ին, նրա մոտ հալյուցինացիաներ, ուժեղ դող, ստորին վերջույթների թուլություն սկսվեցին։ Բժիշկները չէին կարողանում հասկանալ, թե նրա հետ ինչ է տեղի ունենում։ Բայց արդյունքում պարզեցին, որ հիդրոցիկլով սահելիս ջրի հետ միասին քթով նրա օրգանիզմ են թափանցել Naegleria fowleri կամ ամեոբաներ, որոնք ուտում են ուղեղը։

Դրանք սովորաբար հանդիպում են տաք քաղցրահամ ջրերում եւ վարակում են մարդկանց, երբ ջուրը, որը Naegleria fowleri (Ֆոուլերի նեգլերիա ամեոբա) է պարունակում, քթով անցնում է օրգանիզմ, օրինակ, տաք քաղցրահամ լճերում կամ գետերում լողալու կամ սուզվելու ժամանակ։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ ամեոբան քթով բարձրանում է վերեւ, դեպի ուղեղ եւ քայքայում հյուսվածքները։ Դուք չեք կարող վարակվել, եթե խմեք կեղտոտ ջուրը, բայց հազվադեպ այն կարելի է գտնել վատ սպասարկվող լողավազաններում։

Ախտանշանները կարող են նման լինել բակտերիալ մենինգիտին եւ ի հայտ են գալիս վարակվելուց մոտ հինգ օր հետո, բայց կարող են հայտնվել նաեւ հաջորդ օրը։ Ավելի ուշ ի հայտ եկող ախտանշանները կարող են լինել պարանոցի կաշկանդվածությունը, գիտակցության խճճվածությունը, հավասարակշռության կորուստը, ցնցումները եւ հալյուցինացիաները։ Մահացությունը կազմում է ավելի քան 97 տոկոս։

Փերին ամիսներ անցկացրեց հիվանդանոցում, որից հետո նրան տեղափոխեցին վերականգնողական հաստատություն, որտեղ վերականգնեցին կանգնելու ունակությունը։ Նրա քրոջ խոսքով՝ Փերին նորից սկսեց մեքենա վարել եւ կարողացավ վերադառնալ աշխատանքին, բայց դեռ շարունակում է ամբուլատոր թերապիան։

Լուսանկարը՝ GoFundMe