Ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի կլինիկայում վերջերս կատարել են ողջ դոնորի «ամբողջովին լապարոսկոպիկ» վիրահատություն՝ լյարդի փոխպատվաստման համար, որը հիվանդանոցի տվյալների համաձայն, դարձել է առաջին նման պրոցեդուրան Միջին Արեւմուտքում, հայտնում է Fox News-ը։
Շատ քիչ հանդիպող պրոցեդուրան կատարվել է օգոստոսին։ Դոնոր է դարձել 29-ամյա Նիկո Վելասկեսը։ Օրգանը ստացել է նրա ընկերուհու հայրը՝ Աբրահամ Ավիվը։
«Ի տարբերություն բաց վիրահատության, որը մեծ կտրվածք է պահանջում՝ լյարդին հասնելու համար, լապարոսկոպիկ պրոցեդուրան կատարվում է վիրահատական գործիքների եւ տեսախցիկի օգնությամբ, որը կես դյույմանոց մի քանի անցքերի միջոցով դրվում է դոնորի որովայնի մեջ»,- ասվում է հիվանդանոցի մամուլի հաղորդագրությունում։
Հենց որ լյարդի կտորն առանձնանում է, վիրաբույժը հանում է այն պորտի տակ արված ոչ մեծ անցքից։ Այս վիրահատությունը դոնորը ավելի հեշտ է տանում, քանի որ արագ է վերականգնվում եւ վերադառնում սովորական կյանքին, ավելի քիչ ցավ է զգում, ավելի քիչ սպի է ունենում եւ հետվիրահատական ճողվածքի ավելի քիչ վտանգ՝ համեմատած ավանդական բաց վիրաբուժության հետ։
Այս վիրահատությունից հետո Քլիվլենդի կլինիկայի բժիշկները նույն պրոցեդուրան իրականացրել են լյարդի եւս չորս դոնորների հետ, ասվում է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ Cleveland Clinic-ի






