Կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն է, որով տարեկան 48.5 մլն մարդիկ են վարակվում, իսկ 300 հազարը` ի վերջո մահանում:  Նման բարձր ցուցանիշն այն հանգամանքով է բացատրվում, որ հիվանդության ախտանշաններն սկզբնական շրջանում աննկատ են, իսկ այնուհետեւ էլ` սովորական մրսածության հետ են շփոթում, տեղեկացնում է FoxNews-ը:

Կապույտ հազը հատկապես անչափահասների համար է վտանգ ներկայացնում: Ճիշտ է` հիվանդության դեմ պատվաստանյութ գոյություն ունի, սակայն այն բոլոր երկրներում չէ, որ կիրառություն է գտել: Խոսքը մասնավորապես զարգացող երկրների մասին է:

Բացի այդ, այնպիսի երկրներում, որտեղ պատվաստանյութը լայն կիրառություն ունի, նույնպես կարող են կապույտ հազի բռնկումներ նկատվել: 2010թ. հիվանդության համաճարակը ԱՄՆ Քալիֆորնիա նահանգ էր հասել, որի արդյունքում վարակված 9120 երեխաներից 10-ը մահացել էին:

2012թ. նույն պատմությունը, վարակման 3308 դեպքերով, Վաշինգտոնում կրկնվեց, այնուհետեւ էլ` Վերմոնտ եւ Վիսկոնսին նահանգներում:

Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, 6-8 շաբաթ է տեւում, որի ընթացքում յուրաքանչյուր մարդ կարող է միջինը 12 հոգու վարակել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն չափազանց վտանգավոր է երեխաների համար, կասկած չի հարուցում, որ կապույտ հազի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստանյութի կիրառումն է: Ընդ որում, յուրաքանչյուր ներարկում 4-12 տարվա ուժ ունի, այնպես որ հարկ է երեխայի հետ երկրորդ ներարկման ներկայանալ:

Ընդհանուր առմամբ, քանի դեռ կապույտ հազի տարածման դեմ անհրաժեշտ միջոցառումները բոլոր երկրներում կիրառություն չեն գտել, համաճարակի վտանգ միշտ էլ կարող է լինել, այնպես որ, եթե շաբաթներով շարունակվող հազ եք նկատում ընտանիքի անդամի, հարեւանի կամ որեւէ այլ մեկի մոտ, հարկ է անհապաղ բժշկի օգնությանը դիմել` համոզվելու համար, որ խոսքը կապույտ հազի մասին չէ: Չի կարելի թույլ տալ, որ մարմինը ինքնուրույն պայքարի հիվանդության դեմ եւ այդ ընթացքում շրջապատի մարդկանց վարակելու հնարավորություն տա: Բժիշկները հակաբիոտիկների օգնությամբ հնարավորինս կկարճեն կապույտ հազի ընթացքը եւ վարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկեն: