Անգիոգրաֆիան սիրտը սնուցող զարկերակների հետազոտության մեթոդ է, որի պարագայում,  արյունատար անոթների եւ արյան շրջանառության ֆինկցիոնալ վիճակի գնահատման շնորհիվ, որեւէ խնդրի, մասնավորապես` զարկերակների նեղացման առկայության մասին տեղեկություն ստանալու հնարավորություն է ընձեռնվում:

Հիշյալ մեթոդի օգնությամբ հնարավոր է, մարդու օրգանիզմում առկա տարբեր զարկերակների հետազոտման շնորհիվ, մի շարք հիվանդություններ բացահայտել: Օրինակ` պսակաձեւ զարկերակների հետազոտությամբ (կորոնորոգրաֆիա) կարելի է պարզել, թե արդյոք հիվանդը սրտի իշեմիկ կամ այլ հիվանդություններով է տառապում:

«Անգիոգրաֆիան կամ կորոնորոգրաֆիան սիրտը սնուցող զարկերակների ռենտգեն-կոնտրաստային նկարահանումն է, որը հնարավորություն է տալիս պարզել, թե արդյոք նեղացումներ կան այդ զարկերակների վրա», - մեկնաբանել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը:

Ինչպե՞ս է իրականացվում անգիոգրաֆիան

Ռենտգեն նկարահանումների ժամանակ արյուն չի երեւում, ուստի անոթները եւ դրանց նեղացումները տեսնելու համար մարդու առողջության համար անվնաս ռենտգեն-կոնտրաստային նյութ է ներարկվում (եթե, իհարկե, հիվանդն ալերգիա չունի դրա նկատմամբ, ինչը նախապես է ստուգվում): Այն օրգանիզմից մեզի հետ միասին է արտամղվում, ուստի հետազոտության ավարտից հետո խորհուրդ է տրվում որքան հնարավոր է` շատ հեղուկ խմել:

Ռենտգեն-կոնտրաստային նյութի ներարկման վայրը անգիոգրաֆիայի տեսակից եւ հետազոտության ենթակա զարկերակների տեղադրությունից է կախված: Հիմնականում այն կոնքի վրա գտնվող զարկերակից է ներարկվում`պունկցիայի (ծակում) կամ կաթետերիզացիայի (անոթի մեջ հատուկ կաթետերի տեղակայում, որի միջով ռենտգեն-կոնտրաստային նյութ է ներարկվում) միջոցով: Ներարկման ավարտից անմիջապես հետո մի շարք ռենտգեն նկարահանումներ են իրականացվում` ստացված կադրերի վրա զարկերակների վիճակն ուսումնասիրելու նպատակով:

Հետազոտության ավարտից հետո կաթետերը հեռացվում է, եւ ներարկման վայրը` մեկ օրով վիրակապվում:

Ինչպե՞ս պետք է անգիոգրաֆիային պատրաստվել

Հետազոտության նախընթաց օրերին հարկ է հրաժարվել սպիրտային խմիչքներից եւ մեծ քանակությամբ հեղուկ ընդունել: Ալերգիկ ռեակցիայի վտանգի առկայության դեպքում բժիշկը կարող է հակազդող դեղամիջոց նշանակել:

Նախքան հետազոտությունը վերջին անգամ առնվազն չորս ժամ առաջ պետք է սնվել: Որոշ մասնագետներ պնդում են, որ ցանկալի է նախօրդ օրվանից ոչինչ չուտել: Եթե ձեզ անգիոգրաֆիա է նշանակվել, ամեն դեպքում ճշտեք բժշկից, թե որքան ժամանակ պետք է դատարկ ստամոքսով մնաք:

Կարո՞ղ է արդյոք անգիոգրաֆիան հակացուցված լինել

Անգիոգրաֆիան կարող է հետեւյալ պայմաններում հակացուցվել.

• Սուր բորբոքային եւ ինֆեկցիոն հիվանդություններ;

• Յոդի նկատմամբ ալերգիկ ռեակցիա;

• Հոգեկան հիվանդություններ;

• Տրոմբոֆլեբիտի երակագրություն;

• Սրտի, լյարդի եւ երիկամի անբավարարություն;

• Հիվանդի ծանր վիճակ: