Բոլոր սահմանափակման միջոցները, որ այսօր Ռուսաստանում կիրառվում են սովորական ծխախոտների հանդեպ, կտարածվեն նաեւ էլեկտրոնային ծխախոտների, վեյպերի եւ նարգիլեների վրա։ Դա ամրագրված է նոր հակածխախոտային հայեցակարգում, որը հաստատվել է Ռուսաստանի կառավարության կողմից։ Այդ փաստաթուղթը կորոշի մինչեւ 2035թ․ ծխախոտների եւ նիկոտին պարունակող այլ արտադրանքների օգտագործման հանդեպ քաղաքականությունը։
Ինչպես փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան», Ռուսաստանի առողջապահության նախարարությունում փաստաթղթի մեջ ամենակարեւորը համարում են էլեկտրոնային միջոցների հավասարեցումը սովորական ծխախոտին։
«Երկրում թութունի օգտագործումը իսկապես կրճատվել է, սակայն ընդհանուր առմամբ դեռեւս Ռուսաստանում շատ են ծխում։ Մինչեւ 2035թ․ պետք է ունենալ մեծահասակ բնակչության ոչ ավելի քան 21 տոկոս ծխողների ցուցանիշ։ 2006թ․, հիշեցնեմ, դա մոտ 40 տոկոս էր, այժմ՝ 29 տոկոս»,- ասել է առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։
«Կարեւոր է, որ փաստաթուղթը հակազդեցության միջոցներ է տարածում ծխախոտայինապրանքների նոր տեսակների եւ նիկոտին պարունակող մնացած բոլոր արտադրանքի վրա, որն անարգել տարածվում է մեր շուկայում։ Դա վերաբերում է տաքացվող թութունին՝ ծխելու տեսակին, որը ագրեսիվ մարքեթինգի հաշվին տարածում է ստանում, այդ թվում՝ երիտասարդների շրջանում։ Դա վերաբերում է նաեւ նիկոտինի ստացման էլեկտրոնային միջոցներին, որոնց հետ կապված իրավիճակը ընդհանրապես աղետալի է՝ դրանց հանդեպ պետք է շտապ խիստ կարգավորում մտցնել։ ԱՄՆ-ում ավելի քան 2000 մարդ հիվանդանոց է ընկել, 47 մարդ մահացել է էլեկտրոնային ծխախոտների օգտագործման պատճառով։
Պարզվել է, որ ծխելու համար խառնուրդի բաղադրիչներից մեկը, որը օգտագործվում է էլեկտրոնային ծխախոտներում, ամբողջովին չի գոլորշիանում եւ հեղուկի տեսքով ընկնում է թոքերի մեջ։ Դա հանգեցնում է նրանց լուրջ վնասմանը, մի պահ մարդիկ պարզապես սկսում են շնչահեղձ լինել։ Այդ բաղադրիչը վիտամին E-ն է՝ յուղային տեսքով։ Այն գրանցված է որպես սննդային հավելում եւ կարելի է ընդունել միայն սննդի հետ միասին, սակայն շնչել կտրականապես չի կարելի»,- ասել է Հասարակական առողջության եւ ժողովրդագրության խորհրդի գործադիր տնօրեն Վիկտոր Զիկովը։






