Վերջին տարիներին Հայաստանում ՄԻԱՎ-ի բուժման հետ կապված որոշակի հաջողություններ են գրանցվել։ Նման կարծիք հայտնեց «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման կարողությունների հզորացում ծրագրի» համակարգող Հովհաննես Մադոյանը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ Գյումրիում կազմակերպված «Գուկաս Գյումրի» միջոցառման ժամանակ։

«Առաջինը՝ ՄԻԱՎ վարակի հակառետրովիրուսային բուժումը, որը այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդուն հնարավորություն է տալիս ապրել գրեթե այնքան, որքան կապրեր, եթե չունենար վարակ։ Երկրորդ հաջողությունը ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելումն է մորից երեխային, ինչը նշանակում է, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդը ոչ մի խոչընդոտ չունի ընտանիք կազմելու հարցում։ Նաև ապացուցվել է, որ ՄԻԱՎ վարակի հակառետրովիրուսային բուժումը վարակի կանխարգելման արդյունավետ եղանակ է, որովեհտև եթե մարդը ստանում է բուժում, նրա արյան մեջ վիրուսի քանակը այնքան քիչ է, որ այլ անձին փոխանցելու հնարավորությունը գրեթե չկա», - ասաց Հովհաննես Մադոյանը:

Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, որին ընդառաջ այսօր Գյումրիում տեղի ունեցավ «Գուկաս Գյումրի» միջոցառումը՝ «Ոչ խարանին», «Իմացի՛ր ՄԻԱՎ կարգավիճակդ» և այլ կարգախոսներով: Նպատակը ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի մասին իրազեկվածության մակարդակը  բարձրացնելն էր։ Միջոցառման շրջանակում մասնակիցները շարժական կլինիկայում անցան թեստավորում՝ պարզելու՝ վարակված են ՄԻԱՎ-ով, թե ոչ:

«Այսօրվա միջոցառման կազմակերպման համար միավորվել են մի շարք կազմակերպություններ. Առողջապահության նախարարությունը, Առողջապահության ազգային ինստիտուտը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ծրագիրը, հասարակական կազմակերպությունները, որոնց նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված խնդիրները բնակչության շրջանում և կոչ անել անցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետազոտություն, որովհետև շատ հաճախ մարդիկ մտածում են, որ այս վարակը կարող է ընդհանրապես իրենց չվերաբերվել, բայց վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կարող է ցանկացած մարդու վերաբերվել», - նշեց ՀՀ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Փոխնախարի խոսքով՝ Հայաստանում մարդիկ դեռևս լավատեղյակ չեն վարակի անցման ուղիներին.

«Ցավով պետք է նշեմ, որ վերջին հետազոտությունը՝ իրականացված 2015 թվականին, ցույց է տվել, որ դեռևս խարանը և խտրականությունը միավով ապրող մարդկանց հանդեպ կա մեր հասարակությունում։ Մարդիկ մտածում են, որ միրգ և բանջարեղեն վաճառող ՄԻԱՎ-ով հիվանդ մարդուց չի կարելի առևտուր անել։ Մարդիկ տեղեկացված չեն, թե այդ վիրուսը ինչպես կարող է փոխանցվել, ինչպես կարելի է կանխարգելել, և այլն»,- ասաց նա:

«Եղիր տեղեկացված» ՀԿ-ն այս միջոցառման կազմակերպիչներից մեկն էր: ՀԿ-ի նախագահ Արուսիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք կարևորում են հանրության շրջանում իրազեկվածությունը և կրթվածությունը։ Այս և նմանատիպ միջոցառումները իրականացվում են հենց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև սոցիալական հոլովակներ, որոնք կրկին հանրությանը գրագետ ինֆորմացիա փոխանցելու նպատակով էին նկարահանվել: Կազմակերպվեց նաեւ խաղ-մրցույթ՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին վերաբերող հարցերով: