Անգլիական Մաքլսֆիլդ քաղաքից (Չեշիր կոմսություն) 54-ամյա Սառա Բեռոուզը պնդում է, որ մատնահարդարման սրահ նախաամանորյա այցելությունն իրեն փրկել է մահացու հիվանդությունից:

Daily Mail-ը հայտնում է, որ Սառան անցյալ տարի Ծննդյան տոների նախօրեին մատնահարդարման է գնացել: Այդ օրը նա հագել էր լանջաբացվածքով բլուզ: Մատնահարդարում կատարելիս վարպետը նրա կրծքին կասկածելի խալ է նկատել եւ քաղաքավարի ասել, որ ուսումնասիրում է մաշկի քաղցկեղի նշանները եւ կարծում է, որ հաճախորդը հետազոտություն անցնելու անհրաժեշտություն ունի:

Սառան հետեւել է նրա խորհրդին եւ հիվանդանոց դիմել: Կրծքի խալը բարորակ էր, սակայն նրա ոտքերի 2 մյուս խալերը, ինչպես պարզվել է, մելանոմա էին՝ մաշկի վտանգավոր քաղցկեղ:

Բժիշկների խոսքով՝ Սառան ժամանակին է դիմել բուժվելու, եւ հիվանդությունը չէր հասցրել տարածվել նրա ամբողջ օրգանիզմում:

«Չեմ կարծում, որ ինքս կդիմեի մաշկաբանի, եթե ինձ դրան չդրդեին»,- խոստովանել է բրիտանուհին: