«Աստղիկ» ԲԿ անհետաձգելի բուժօգնության հերթապահ բժիշկ Արթուր Մուրադյանն ու նրա գործընկերները երկար ժամանակ չեն մոռանա այս ուղեւորությունը։ Հերթական հերթապահության ժամանակ Ստեփանավանի հիվանդանոցից շտապօգնության ծառայություն են զանգահարում եւ ասում, որ սրտի կաթվածով պացիենտ ունեն, որին օգնել կարող են միայն Երեւանում։ Բրիգադը մեկնում է Ստեփանավան «Աստղիկ» ԲԿ ռեանիմոբիլներից մեկով։
Պացիենտը 60 տարեկան տղամարդ էր, եւ նրա վիճակը շատ ավելի ծանր էր, քան կարելի էր պատկերացնել։ Բժիշկներն անգամ համոզված չէին՝ իմաստ կա՞ր մայրաքաղաք տեղափոխել նրան, քանի որ փրկելու շանսերը շատ քիչ էին...
Ինչպես հետո NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց «Աստղիկ» ԲԿ-ի Շտապօգնության ծառայության ղեկավար Մանուկ Յազչյանը, ճանապարհին պացիենտի մոտ գրանցվել է սրտի կանգ։ Մոտ 40 րոպե շարունակ բրիգադը վերակենդանացման միջոցառումներ է իրականացրել`անցնելով արհեստական շնչառության ապարատին, եւ արդյունքում՝ նրանց հաջողվեղ է վերականգնել սրտի աշխատանքը։ Բայց ճանապարհը շարունակելը չափից էլ ավելի ռիսկային է եղել։
Մասնագետները որոշում են կայացրել կանգ առնել մերձակա հիվանդանոցում, որպեսզի կայունացնեն պացիենտի վիճակը եւ որոշեն, թե ինչ անեն հետո։ Մերձակա հիվանդանոցը Սպիտակ քաղաքում էր։ Կապվելով հերթապահների հետ՝ «Աստղիկ» ԲԿ-ի բրիգադը խնդրել է իրենց մի փոքր տեղ հատկացնել, որտեղ կկարողանան օգնել իրենց պացիենտին ճանապարհը շարունակելուց առաջ, մինչև խորհրդակցեին հարազատների հետ։ Հիվանդանոցն, իհարկե, ընդունել է նրանց։
Հիվանդանոցում՝ ավելի հանգիստ պայմաններում մասնագետներին հաջողվել է կայունացնել պացիենտի վիճակը, որից հետո որոշվել է ամեն դեպքում պացիենտին տեղափոխել Աստղիկ ԲԿ:
Գիշերվա ժամը 03-ին պացիենտին հասցրել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրան արդեն սպասում էր մասնագետների թիմը անհետաձգելի բուժօգնության և ինվազիվ սրտաբանության բաժանմունքներից։ Պացիենտը շտապ կերպով տեղափոխվեց կատետերիզացիոն լաբորատորիա՝ սելեկտիվ կորոնոգրաֆիայի նպատակով։ Ինտուբացված,արհեստական շնչառության պայմաններում,ստացել է ինոտրոպների շարունակական ինֆուզիա,ինչի արդյունքում կատարվել է ստենտավորում 4 դեղապատ ստենտով։
Բարեբախտաբար բարեհաջող ավարտից հետո պացիենտը դուրս է գրվել ու վերադարձել հայրենի քաղաք։
Մանուկ Յազչյանի խոսքով՝ «Աստղիկ» ԲԿ շտապօգնության բրիգադները հաճախ են Երեւան տեղափոխում պացիենտների այլ քաղաքներից, ինչպես նաեւ Արցախից ու անգամ Վրաստանից։ Վերջին ամիսներին նրանք բազմիցս ստիպված են եղել Վերին Լարս անցակետից դիմավորել և տեղափոխել Երևանի բուժկենտրոններ պացիենտների, որոնց բերել էին Ռուսաստանից, Թուրքիայից կամ այլ երկրներից։
«Աստղիկ» ԲԿ շտապօգնության ծառայության բոլոր մեքենաները ռեանիմոբիլներ են, իսկ անձնակազմը՝ ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգներ, ովքեր որակավորված են էքստրեմալ պայմաններում անհապաղ օգնություն ցուցաբերելու համար։ Բայց եթե մեքենայում «ծանր» հիվանդ կա, ճանապարհին կարող է ինչ ասես պատահել, եւ բժիշկն ստիպված է արագ կողմնորոշվել՝ անհրաժեշտության դեպքում վերականգնողական միջոցառումներ իրականացնել եւ ինքնուրույն որոշել, թե ինչ անել հետո։
«Քչերը կարող են պատկերացնել, թե որքան բարդ է աշխատել շտապօգնության ծառայությունում։ Ստացիոնարում դու աշխատում ես միանգամայն այլ պայմաններում՝ կան անհրաժեշտ բոլոր սարքավորումները, կան համապատասխան նեղ մասնագետներ, որոնք, եթե պետք լինի, օգնության կգան, իսկ ռեանիմոբիլում դու մենակ ես՝ էքստրեմալ պայմաններում։ Սա հսկայական պատասխանատվություն է, չէ՞ որ մարդու կյանքը քո ձեռքերում է։ Պացիենտը հույս է կապում քեզ հետ, պացիենտի հարազատները աչքերիդ մեջ են նայում...» - ասաց Մանուկ Յազչյանը։
Երբ ռեանիմոբիլը պացիենտին հիվանդանոց է տեղափոխում, այստեղ ամբողջ թիմն արդեն պատրաստ սպասում է։ «Աստղիկ» ԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ կա վիրահատարան, ինչի շնորհիվ հաջողվում է առավելագույնս ժամանակ խնայել, այսինքն հենց որ պացիենտը հասնում է բաժանմունք, նրան անհրաժեշտության դեպքում կարող են անմիջապես տանել վիրահատարան։
«Մենք բոլորս գիտենք, որ լինում են դեպքեր, երբ հենց այդ մի քանի րոպեներն են ամեն բան վճռում, եւ ոչ մի դեպքում հապաղել չի կարելի», - ասաց մասնագետը։
«Աստղիկ» ԲԿ Շտապօգնության բաժանմունքում, ինչպես եւ ամբողջ հիվանդանոցում, աշխատանքը կազմակերպված է համաձայն լավագույն միջազգային չափորոշիչների, ինչի շնորհիվ հիվանդանոցը ստացել է ISO 2001 վկայական եւ այժմ պատրաստվում է ստանալ JСI վկայական։ Ավելին, բուժանձնակազմը պարբերաբար վերապատրաստումներ է անցնում թե Հայաստանում, թե արտերկրում: Վերջինը այս տարի հոկտեմբեր ամսին էր․ Շտապօգնության բաժանմունքի աշխատակիցները մասնակցել էին 13th Europan Congress on Emergency Medicine, որը տեղի ունեցավ Պրահայում, Չեխիայի մայրաքաղաքում: Հայաստանից այդ դասընթացի միակ մասնակիցները Մանուկ Յազչյանն ու Արթուր Մուրադյանն էին։
Երեւանում «Աստղիկ» ԲԿ շտապօգնության բրիգադներն աշխատում են անվճար, իսկ այլ քաղաքներից տեղափոխելու համար սահմանված են մատչելի գներ։









