Ամերիկյան U.S. Food and Drug Administration (FDA)-ն հավանություն է տվել մեծահասակների անքնության դեմ նոր դեղամիջոցին։ Խոսքը լեմբորեքսանտի (lemborexant) մասին է, որը օրեքսինային ռեցեպտորների անտագոնիստն է եւ նոր դեղամիջոցների դասին է պատկանում։

Տեղեկացվում է, որ միջոցը կապվում է օրեքսինների երկու ռեցեպտորների՝ OX1R-ի եւ OX2R-ի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Ռեմեդիումը», այդ դեղը, հայտարարության համաձայն, կարգավորում է քնի եւ արթուն լինելու ցիկլը՝ չազդելով արտաքին գրգռիչներից արթնանալու ունակության վրա։ Ինչպես ցույց են տվել կլինիկական փորձերը, որոնց մասնակցել է 18-88 տարեկան 949 մարդ, եւ որոնք տեւել են 12 ամիս, դեղամիջոցն արդյունավետ է եւ անվտանգ 5 եւ 10 միլիգրամ չափաբաժիններով։

Հետազոտությունները ցույց են տվել, որ լեմբորեքսանտով թերապիայի ֆոնին նկատվում է քնելու եւ քնի որակի ցուցանիշների վիճակագրորեն նշանակալի բարելավում։ Բայց այդ դեղամիջոցը կարող է կախվածություն առաջացնել, նախազգուշացնում են մասնագետները։