Եթե դուք նկատել եք ներքոնշյալ նախանշաններից որեւէ մեկը, անհապաղ դիմեք բժշկի անգամ հանգստյան օրերին. Հայաստանի բազմաթիվ հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում կազմակերպվել է հերթապահություն ամանորյա տոների ընթացքում, այդ պատճառով դուք հաստատ կգտնեք բժիշկ, որը ձեզ կընդունի եւ կհետազոտի:
Արյուն մեզի մեջ
Մեզի մեջ արյունը կարող է առաջանալ ցիստիտի հետեւանքով, ինչպես նաեւ միզապարկի քաղցկեղի պատճառով, իսկ դա նշանակում է, որ չի կարելի անտեսել այդ նախանշանը: Եթե անգամ արյունն առաջացել է ընդամենը մեկ անգամ, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է, չէ՞ որ միզապարկի քաղցկեղի սկզբնական փուլում պարբերական արնահոսություն, որպես կանոն, չի լինում:
Կապտուկներ առանց որեւէ առիթի
Առանց առիթի կապտուկները կարող են ի հայտ գալ մարմնի վրա տարբեր պատճառներով՝ հակամակարդիչներ օգտագործելուց մինչեւ արյան մակարդելիության հետ խնդիրներն ու լեյկեմիան: Եթե դուք սկսել եք նկատել ձեր մարմնի վրա կապտուկներ, որոնք առաջացել են առանց որեւէ պատճառի, ժամանակ է դիմել բժշկի:
Ծարավ
Եթե անդադար ունեք ծարավի զգացում, իսկ ջուրը գրեթե չի հագեցնում, դա եւս մեկ առիթ է բժշկի դիմելու համար, չէ՞ որ այդ նախանշանը կարող է ահազանգել շաքարային դիաբետի մասին:
Խռպոտ ձայն
Եթե ձեր ձայնը դարձել է խռպոտ եւ չի վերականգնվում ավելի քան 3 շաբաթ, ցանկալի է դիմել բժշկի, քանի որ խռպոտությունը կարող է մի շարք քաղցկեղային հիվանդությունների նախանշան լինել: Խորհուրդ չի տրվում հետաձգել բժշկի այցելությունը նաեւ ծխողներին:
Գիշերային քրտնարտադրություն
Եթե ձեզ համար գիշերը շատ շոգ է, ապա քրտնելը նորմալ երեւույթ է: Սակայն որոշ դեպքերում գիշերն անդադար քրտնելն ու սուբֆեբրիալ ջերմաստիճանը կարող են ահազանգել լիմֆոմայի կամ մի շարք այլ հիվանդությունների մասին:






