Մարալիկում ծննդաբերում են ոչ թե 17 համայնքների, այլ Մարալիկ քաղաքի և շրջակա 5-6 համայնքների կանայք։ Մնացած բոլոր համայնքների համար շատ ավելի հարմար է Գյումրին և Արթիկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նրա խոսքով՝ Մարալիկի ծննդատանը չկա կադրային հագեցվածություն, չկա վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ.
«Մի պարզ օրինակ բերեմ. կինը ծննդաբերեց, ընկերքը չի անջատվում, կինը արյունահոսում է. պահանջվում է արգանդի շտապ հեռացում․ չկա վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, չկա անեսթեզիոլոգ, ո՞վ պետք է օգնի և այդ կնոջը փրկի։ Մեր հիմնական նպատակը մայրացող կանանց անվտանգության ապահովումն է», - ասաց նա:
Գայանե Ավագյանը նշեց նաև, որ Երեւանից ոչ մի մասնագետ չի գնա և տարեկան 100 ծնունդ ունեցող ծննդատանը չի աշխատի, որովհետև այդպիսով մասնագետը կկորցնի իր հմտությունները, արդյունքում էլ ցածր աշխատավարձ կստանա:
Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանի խոսքով՝ նախարարությունը բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում մշակել է չափորոշիչներ, որոնց համաձայն՝ ծննդօգնություն իրականացնող հաստատությունները դասակարգվում են ըստ մակարդակների՝ առաջին, երկրորդ և երրորդ։ Առաջին մակարդակի ծննդօգնության ծառայություն տրամադրող բուժհաստատության չափորոշիչներից մեկն է ունենալ տարեկան նվազագույնը 150 ծնունդ։ Իսկ 2015 թվականից սկսած Մարալիկի ծննդատանը նկատվում է ծնունդների նվազման տենդենց։ 2019 թվականի տվյալներով՝ Մարալիկի ծննդատունը ունեցել է 102 ծնունդ։
Լեյլի Ասլանյանը նշեց նաև, որ Մարալիկ գնացող տրանսպորտի հետ կապված նույնպես խնդիր կա.
«Միջհամայնքային տրանսպորտի ոչ զարգացած լինելու պատճառով ընդամենը 5-6 գյուղի բնակիչ է սպասարկվում Մարալիկում, իսկ մյուսները սպասարկվում են մարզի մյուս բուժհաստատություններում։ Եթե այս ենթակառուցվածքները զարգացած լինեին, ապա մենք այսօր Մարալիկի ծննդատան՝ չափորոշիչներին չհամապատասխանելու խնդիրը չէինք ունենա», - ասաց նա:
Անդրադառնալով մարալիկցիների բողոքի ակցիաներին՝ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ Մարալիկում սոցիալական բողոք է, խնդիրը այն է, որ աշխատատեղ է կրճատվում, նաև մարալիկցիները ուզում են, որ իրենց քաղաքում բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները գործեն:






