Չինաստանում ապրող մոտ 200-300 հայ ցանկանում է վերադառնալ հայրենիք, բայց ճանապարհի փող չունի։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է վերջերս չինական Գուանչժոու քաղաքից Հայաստան եկած Նազարեթ Երամյանը։

Նրա խոսքով՝ վերադառնալ ցանկացողներից շատերը դիմել են Չինաստանում Հայաստանի դեսպանություն, բայց ոչ մի օգնություն չեն ստացել։

Նազարեթը Չինաստանում մնացել է մոտ 4-5 ամիս։ Այնտեղ, նրա խոսքով, ամեն բան հանգիստ է, եւ ոչ մի խուճապ չկա։ Բայց քանի որ 18 քաղաքներ փակ են, եւ ինքն առաջիկայում այնտեղ աշխատանք չէր ունենալու, որոշել է վերադառնալ հայրենիք, ազատ ժամանակն անցկացնել այստեղ, մինչեւ որ կորոնավիրուսի հետ կապված խնդիրները լուծվեն։ Բացի այդ, երկրում իրավիճակով պայմանավորված՝ գներն այնտեղ բարձրացել են, նշել է Նազարեթը։

Նրա խոսքով՝ Չինաստանի օդանավակայանում բոլոր ուղեւորների ջերմությունը չափում են հեռահար ջերմաչափի օգնությամբ։ Ինքնաթիռի անձնակազմը դիմակներով չէր։

Հայաստանի օդանավակայանում նույնպես չափում էին ուղեւորների ջերմությունը եւ խնդրում  լրացնել թերթիկ տարբեր տեղեկություններով։ Բայց Նազարեթը եւ նրա ուղեկցուհին կարծում են, որ ավելի լավ կլիներ, եթե նրանք կարողանային ուղղակի օդանավակայանում կորոնավիրուսի անալիզ վերցնել, որպեսզի համոզվեն, որ նրանք առողջ են։

Նշենք, որ Հայաստանում ներկա պահին չկան կորոնավիրուսի պարզման լաբորատոր թեստեր։ Բայց լուրջ կասկածների դեպքում (եթե պացիենտը թոքաբորբ եւ կորոնավիրուսային վարակի այլ ախտանշաններ ունի) նրա անալիզները կարող են ուղարկել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների կամ Ռուսաստանի լաբորատորիաներ։

Հիշեցնենք, որ Չինաստանում գրանցվել է 2019-nCoV նոր կորոնավիրուսի բռնկում, որն սպանել է արդեն 170 մարդու եւ վարակել ավելի քան 7500-ին։ Վարակի տարածումը կանխելու համար չինական շատ քաղաքներ փակ են, իսկ շատ երկրների օդանավակայաններում, այդ թվում եւ Հայաստանի օդանավակայանում, ուժեղացված է վերահսկողությունը. չափում են բոլոր ուղեւորների ջերմությունը, իսկ Չինաստանից եկածների հանդեպ սահմանվում է 14-օրյա հսկողություն, անգամ եթե նրանք իրենց լավ են զգում։