Երեւանի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը չի փակվում, այլ միանում է «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին։ Միավորումից հետո այդ կենտրոններից ոչ մեկի գործառույթները չեն կրճատվելու, բուժաշխատողների կրճատումներ նույնպես չեն լինելու։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ մի քանի տասնամյակ առաջ, երբ նոր էր սկսել հայտնի դառնալ ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի մասին, իսկապես կար առանձին մասնագիտացված կենտրոնի անհրաժեշտություն, որը կզբաղվեր միայն այդ հիվանդությամբ։ Այսօր, միջազգային երաշխավորությունների համաձայն, նման անհրաժեշտություն արդեն չկա։
Նախարարը նաեւ նշել է, որ այս կենտրոնների շենքերի օպտիմալացման մասին խոսակցություններ առայժմ չկան։ Առայժմ նաեւ հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու երկու կենտրոնների ղեկավարության հարցը։ Առայժմ երկու կենտրոններն էլ կմնան իրենց տեղերում, բայց բացառված է, որ միասին օգտագործեն ընդհանուր ռեսուրսները՝ տեխնիկական, կադրային եւ այլն։
Ինչ վերաբերում է պացիենտներին, առաջիկայում ոչ մի փոփոխություն չի սպասվում. նրանք կստանան իրենց հակավիրուսային թերապիան այնպես, ինչպես եւ նախկինում, նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի միավորման մասին որոշումը ընդունվել է Հայաստանի կառավարության կողմից հունվարի 30-ին։






