5-ամյա Աշոտը երազում է ֆուտբոլիստ դառնալ։ ԲԿՄԱ ֆուտբոլիստների հետ հանդիպմանը հետաքրքրությամբ էր սպասում, վազվզում էր սենյակում ու ցույց տալիս, թե ինչպես է պետք դասավորել տարածքը, որ հնարավոր լինի ֆուտբոլ խաղալ։
Աշոտի մոտ ախտորոշվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ, այժմ հիվանդանոցային բուժում է ստանում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։
Քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաները այսօր հնարավորություն ունեցան հանդիպել ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հետ։ Երեխաներից շատերը ուրախությամբ նշում էին, որ երազում են ֆուտբոլիստ դառնալ, մյուսներն էլ, թեեւ մասնագիտության հարցում այլ երազանքներ ունեին, նշում էին, որ ֆուտբոլը շատ են սիրում։
Միջոցառումը կազմակերպվել էր City of smile բարեգործական հիմնադրամի կողմից։ Տնօրենի Էսթեր Դեմիրճյանի խոսքով՝ ֆուտբոլիստները եկել են երեխաներին ուրախացնելու ու քաջալերելու. «Դեռ երեկ սոցցանցերում ֆլեշմոբ էր սկսվել, եւ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները նույնպես միացել էին դրան։ Իսկ այսօր եկել են մեր երեխաներին այցելելու, քաջալերելու, ոգեւորելու․․․ Սա եւս մեկ առիթ է յուրաքանչյուրիս համար, որ մտածենք, թե ամեն մեկս ինչ կարող ենք անել նրանց համար, որովհետեւ ամեն մեկս մեր տեղում ինչ-որ բանով կարող ենք նպաստել․․․»։
ֆուտբոլիստները երեխաների հետ խաղացին, ֆուտբոլային հնարքներ ցուցադրեցին, ինչպես նաեւ նրանց հանձնեցին գնդակներ, մարզաշապիկներ ու տարբեր նվերներ։













