Զուգահեռաբար իրականացված երկու հետազոտությունների արդյունքներն այն բանի մասին են վկայում, որ հոտառության թուլացումը կարող է թուլամտության վաղ ախտանշան լինել, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Հոտառության զգացումը կոգնիտիվ կարողությունների թուլացման ամենավաղ շրջանում ախտահարման ենթակա գանգուղեղային առաջին զույգ նյարդի միջոցով է իրականացվում: Ասել է, թե՝ ուղեղի՝ հոտի վերաբերյալ տեղեկությունների մշակման համար պատասխանատու հատվածները առավել խոցելի են Ալցհեյմերի հիվանդության նկատմամբ:

Մասնավորապես, հիշյալ հատվածներում հիվանդության առկայությունը մատնանշող սպիտակուցներ՝ ամիլոիդ վահանիկներ են հայտնաբերվել:

Ալցհեյմերի հիվանդությունը հիշողության եւ այլ մտավոր կարողությունների կորստով բնորոշվող թուլամտության ամենատարածված դրսեւորումն է համարվում: Թուլամտությամբ տառապողների 60-80 տոկոսը հենց այդ հիվանդությունն ունի:

Առաջին հետազոտական խմբի անդամները հոտառության մակարդակի, ուղեղի, արյան, ողնուղեղի հեղուկի եւ գենետիկ հետազոտություններ են իրականացրել 215 հիվանդների շրջանում, ինչպես նաեւ նրանց մտավոր ունակությունները ստուգել, իսկ երկրորդ հետազոտության մասնակիցները, որոնց շրջանում նույնպես թուլամտության եւ հոտառական կարողությունների կապն է ուսումնասիրվել, 757 հիվանդներ են եղել:

Երկու հետազոտությունների հեղինակները զգուշացրել են, որ ձեռք բերված արդյունքները ստատիկ բնույթ են կրում, եւ եզարահանգումները ստուգելու համար հետագա՝ ժամանակային կտրվածքով հետազոտություններ են հարկավոր:

Բացի այդ, հոտառության կորուստը կարող է այլ պատճառներով պայմանավորվել, այդ թվում՝ քթանցքների խցանում, ալերգիա, քթի միջնապատի արատ, Պարկինսոնի հիվանդություն, որոշ դեղամիջոցների կիրառություն եւ վերջապես՝ տարիք: Ասել է, թե՝ հոտառության թուլացումը անպայմանորեն Անցհեյմերի հիվանդության նախանշան չէ: Բայց եթե միաժամանակ եւ հիշողության, եւ հոտառության կորուստ եք զգում, որեւէ դեգեներատիվ հիվանդության (Ալցհեյմեր, Պարկինսոն) զարգացման հավանականությունը բարձր է: Խոսքը, մասնավորապես, դրվագային հիշողության մասին է, ինչը ամենաթարմ հիշողություններին է վերաբերում. օրինակ՝ այն մասին, թե նախորդ օրը ընթրիքին ինչ եք կերել:

Այնպես որ, եթե պարբերաբար չեք կարողանում վերջին դրվագները հիշել եւ հոտառության թուլացում եք զգում, անմիջապես բժշկի օգնությանը դիմեք: