Երեւանի Արյունաբանական կենտրոնը, ԵՊԲՀ-ը եւ ԵՊՀ-ն մասնակցելու են TEMPUS-ի «Կենսական գիտությունների եւ բժշկության բնագավառներում հեմոտոլոգիայի ուսումնական ծրագրերի մշակում եւ տարածաշրջանային ուսուցողական հարթակի ստեղծում» ծրագրին:
Ծրագրի շրջանակներում երկու կարեւոր բարեփոխում է նախատեսված. փոփոխվելու եւ վերամշակվելու են թե արյունաբանության ուսուցումը երկրում (գործող ուսումնական ծրագրերը բարելավվելու են, ինչպես նաեւ մշակվելու են նոր, ավելի ժամանակակից ծրագրեր), թե բժշկական կանոնակարգերը, որոնցով բժիշկներն առաջնորդվելու են հիվանդությունների ախտորոշման եւ բուժման գործում:
Այսօր, հունիսի 14-ին, ծրագրի քննարկման նպատակով Երեւանի Արյունաբանական կենտրոն են այցելել նախագծի համալսարանների կոնսորցիումի եվրոպական եւ վրացական գործընկերները: Նրանք ծանոթացել են կենտրոնի բուժական ծրագրերին եւ տեղացի մասնագետների հետ քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները:
Ինչպես լրագրողներին պատմել է Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը, այս եռամյա ծրագիրը շատ կարեւոր է հայ մասնագետների համար, քանի որ Արյունաբանական կենտրոնում շուտով ստեղծվելու են ոսկրածուծի փոխպատվաստման եւ բարձր դեղաչափային քիմիոթերապիայի բաժանմունքները, եւ այդ բաժանմունքներում աշխատող մասնագետներին վերապատրաստում է հարկավոր. ծրագրի շրջանակներում նրանք հնարավորություն են ստանալու վերապատրաստվել արտասահմանյան հեմոտոլոգիական կլինիկաներում:
Իտալական Ֆեռարայի համալսարանի հեմոտոլոգիայի պրոֆեսոր Գուգլիեմո Մարիանին ասել է լրագրողներին, որ համալսարաններում կարիք կա արյունաբանության դասավանդման մեջ որոշակի փոփոխություններ մտցնել եւ ստեղծել տարածաշրջանում արյունաբանների մի ցանց, որպեսզի պացիենտների բուժումն ամենուրեք լինի միանման կազմակերպված, հիմնված նույն բժշկական պրոտոկոլներին եւ բարձր մակարդակի վրա՝ ինչպես արեւմտյան կլինիկաներում:
«Մենք ցանկանում ենք առաջարկել կլինիկական խնդիրները լուծելու նոր մեթոդներ, որպեսզի տարածաշրջանի բոլոր արյունաբաններն առաջնորդվեն նույն կանոնակարգերով՝ ինչպես լաբորատորիաներում, այնպես էլ բուժման պրոցեսը կազմակերպելիս», - նշեց բժիշկը:
Լոնդոնի Վեսթմինսթերի համալսարանի դասավանդող եւ նախագծի կորդինատոր Նինո Պոռակիշվիլին իր հերթին նշել է, որ TEMPUS-ի նման Եվրոպական ծրագրերն ուսուցանելուց եւ ուսումնական պրոցեսը բարելավելուց բացի օգնում են տարբեր երկրների միջեւ նոր կապեր ձեւավորել:






