Նախորդ տարիների համեմատ հայերը սկսել են ավելի հաճախ հոգեբանի դիմել. եթե 2005 թվականին 4-5 ամսում ընդամենը 1 հոգի էր դիմում, այժմ 1 օրվա ընթացքում 4-5 հոգի է դիմում: Այս մասին լրագրողներին պատմեց «Այգ» հոգեբանական կենտրոնի խորհրդի նախագահ Վարուժան Մելքոնյանը:
Ի՞նչ տիպի խնդիրներն են հայերի մոտ առավել տարածված: Ի՞նչ խնդիրներով են նրանք առավել հաճախ հոգեբանի դիմում:
Ինչպես նշեց կենտրոնի գլխավոր մասնագետ, գիտական բաժնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը, այսօր Հայաստանում շատ հաճախ են դիմում սեռական կամ ամուսնական խնդիրներով; սեւեռուն մտքերը ու գործողությունները, նեւրոզները, ոչ ադեկվատ խանդը նույնպես շատերին հոգեբանի աշխատասենյակ են բերում: Բավական տարածված են նաեւ դեպրեսիաները, որոնք հաճախ կապված են լինում մտերիմ մարդկանց մահվան հետ: Դիմում են նաեւ երեխաների հոգեբանական խնդիրներով, ինչպիսիք են, օրինակ, գիշերային միզաթողությունը, մանկական պսիխոզներն ու նեւրոզները:
Մայրաքաղաքի հոգեբաններին, մասնագետների խոսքով, մարզերի բնակիչներն էլ են դիմում, ընդ որում հետաքրքիր է, որ շատերը նախընտրում են հենց մայրաքաղաք գալ, նույնիսկ եթե նրանց հարազատ քաղաքում կան հոգեբաններ: Սա, մասնագետների կարծիքով, երեւի թե կապված է այն բանի հետ, որ Հայաստանում շատերը հոգեբանին դիմելը դեռ ամոթալի են համարում եւ կարծում են, որ միայն հեռավոր մայրաքաղաքի մասնագետը կկարողանա գաղտնի պահել այցը եւ դրա հետ կապված բոլոր մանրամասները:
Ի դեպ, հետաքրքիր է, որ մեր երկրում հոգեբանների ավելի հաճախ կանայք են դիմում: Ռուբեն Պողոսյանի կարծիքով, դա կապված է այն փաստի հետ, որ կանայք սովորաբար ավելի են ձգտում կատարելագործման, մինչդեռ տղամարդիկ իրենց ինքնաբավ են զգում:
Չնայած դիմելության աճին, Վարուժան Մելքոնյանը համոզված է, որ հոգեբանի կարիքը երկրում իրականում ավելի մեծ է, սակայն շատերը դեռ այնքան էլ չեն պատկերացնում, թե ով է հոգեբանը եւ կոնկրետ ինչով է զբաղվում: Շատերը նույնիսկ շարունակում են շփոթել հոբեբանին հոգեբույժի հետ:
Իր հերթին հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում շատերը հոգեբանին դիմում են ամենածայրահեղ դեպքերում՝ հաճախ միայն այն բանից հետո, երբ պարզում են, որ իրենց ֆիզիկական խնդիրներն իրականում հոգեբանական պատճառ ունեն:






