Որքանո՞վ է կորոնավիրուսը վտանգավոր մարդու համար: Ինչպիսի՞ն է հավանականությունը մահանալ դրա հետեւանքով: Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց այդ հարցերն այսօր հետաքրքրում են միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում:

Իրականում կորոնավիրուսի վտանգավորության աստիճանը կախված է հենց պացիենտից: Երեխաների համար, օրինակ, կորոնավիրուսը լուրջ վտանգ չի ներկայացնում. անգամ եթե նրանք վարակվում են, լուրջ ախտանշաններ եւ բարդություններ, որպես կանոն, չեն ունենում: Սակայն նույնը չի կարելի ասել մեծահասակների մասին, հատկապես որոնք ունեն քրոնիկ հիվանություններ. նրանց շրջանում կորոնավիրուսի հետեւանքով բարդություններ ունենալու հավանականությունը բավականին բարձր է:

Չինացի գիտնականների տվյալներով՝ կորոնավիրուսից մահացությունը 10-50 տարեկանների շրջանում կազմում է 0.2-0.4 տոկոս: 50 տարեկանից բարձր՝ ցուցանիշը մեծանում է մինչեւ 1.3 տոկոս, 60-ից հետո՝ հասնում 3.6 տոկոսի, իսկ 70-ից՝ 8 տոկոսի, 80 տարեկանից հետո՝ ընդհուպ մինչեւ 14.8 տոկոսի: Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի հաղորդմամբ՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանց 80 տոկոսը 60 տարեկանից բարձր էր:

Դա կապված է ոչ միայն փաստի հետ, որ տարիքի հետ մարդկանց իմունիտետը թուլանում է, այլ նաեւ պայմանավորված է նրանով, որ ծերության շրջանում մարդը սովորաբար ունի բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ, օրինակ, հիպերտոնիա, դիաբետ կամ թոքերի հետ կապված խնդիրներ: Բոլոր այդ հիվանդությունները վատթարացնում են COVID-19-ի ընթացքը, հիշեցնում է The Daily Mail-ը:

Մասնագետների տեղեկություններով՝ կորոնավիրուսից տղամարդիկ մահանում են շուրջ 2 անգամ ավելի հաճախ, քան կանայք. Չինաստանում տղամարդկանց շրջանում մահացության մակարդակը կազմում է 2.8 տոկոս՝ ի տարբերություն կանանց շրջանում 1.7 տոկոսի: Այդ տարբերությունը կարող է բացատրվել ինչպես իմունային համակարգի տարբերություններով, այնպես էլ նրանով, որ տղամարդիկ հաճախ վարում են պակաս առողջ կենսակերպ (օրինակ՝ ավելի շատ են ծխում), ինչը դարձնում է նրանց ավելի խոցելի:

«Չինաստանին հաջողվել է հասնել համաճարակի դադարեցման, կրկին վարակվածների թիվը կայուն անկում է ապրում,-ասում է Լոնդոնի կայսերական քոլեջի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Նիլ Ֆերգյուսոնը:-Իտալիայում վիրուսն այժմ տարածում են երկրով մեկ տեղաշարժված հազարավոր մարդիկ, Իրանում՝ տասնյակ հազարավոր, եթե ոչ ավել: Սխալի զգալի չափով մենք հաշվել ենք, որ վարակվածների 1 տոկոսը կմահանա, սակայն կարող է 4 անգամ ավելի կամ պակաս լինել: 1957-1968 թթ. գրիպի ծանր համաճարակների դեպքում մահացությունը կազմել է 0,25 տոկոս, իսկ 1918 թվականի իսպանական գրիպի դեպքում՝ 4 տոկոս. այդ ժամանակ մահացել է 40-50 մլն մարդ»: