Երեւանյան դեղատներում վերջացել են ոչ միայն բժշկական դիմակները, այլ նաեւ հակասեպտիկ գելերը: Քաղաքի դեղատներից մեկում աշխատակիցները պատմել են NEWS.am Medicine-ի թղթակցին, որ վերջին 2 օրվա ընթացքում հակասեպտիկ գելերի պահանջարկն այնքան է մեծացել, որ նրանք պարզապես չեն հասցնում պատվիրել նոր չափաքանակներ. ամբողջը վաճառվում է հաշված ժամերի ընթացքում:

Գնում են նաեւ «աստղիկ-բալզամներ» եւ «ինգալյատոր-մատիտներ»՝ չնայած կորոնավիրուսով չվարակվելու համար դրանց արդյունավետության եւ ոչ մի ապացույց չկա:

Մանկական սննդի եւ տակդիրների պահանջարկը եւս կտրուկ աճել է. Եթե նախկինում մարդկանց մեծամասնությունը գնում էր մանկական սննդի մեկ-երկու բանկա եւ մի քանի տակդիր, այժմ նրանց գնում են բլոկներով:

«Բոլորովին վերջերս մի մարդ գնել է 10 բլոկ մանկական տակդիր, որոնցից յուրաքանչյուրում՝ 40 հատ»,-պատմել է դեղատան աշխատակիցը:

Գնորդները բացատրում են դա նրանով, որ ցանկանում են ունենալ անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի առանց խիստ անհրաժեշտության տանից դուրս չգան:

Բազմաթիվ մարդիկ նաեւ սկսել են գնել մեծաքանակ ստերիլ բինտեր եւ մառլյաներ դրանցից ինքնաշեն դիմակներ պատրաստելու համար: Ինչ վերաբերում է իսկական բժշկական դիմակներին, դրանք բազմաթիվ դեղատներում չկան արդեն բավականին երկար ժամանակ: Որոշ հաճախորդներ, ճիշտ է, չեն հավատում, երբ նրանց պատասխանում են, որ դիմակներ չկան:

«Վերջերս այցելուներից մեկը հարցրել էր՝ կան արդյոք դիմակներ, ես ասել էի, որ դրանք վաղուց արդեն չկան, իսկ նա խորամանկ հայացքով փորձել էր ճշտել. «Իսկ եթե լավ մտածե՞ք»,-պատմել է դեղատներից մեկի աշխատակցուհին:

Մեկ ուրիշ դեղատանը պատմել են, որ վերջերս նրանց առաջարկել են տեղական արտադրության դիմակներ, սակայն դրանց քանակը բավարար չէր, իսկ գինը՝ մեկ հատի դիմաց կազմում էր 140 դրամ:

Նշենք, որ, փորձագետների կարծիքով, սովորական բժշկական դիմակ կրելը չի կարող ապահովել կորոնավիրուսի դեմ արդյունավետ պաշտպանություն: Դիմակ կրել խորհուրդ է տրվում հիվանդ մարդկանց, ինչը կօգնի նվազեցնել շրջապատողներին վարակելու ռիսկը: Իսկ դիմակ կրել փողոցում, ինչպես դա անում են որոշ մարդիկ, փորձագետների խոսքով, անիմաստ է:

Կորոնավիրուսով վարակվելը կանխելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ լվանալ ձեռքերը եւ մշակել դրանք հակասեպտիկ լուծույթներով (այնպես, որ կարելի է ասել, որ հակասեպտիկ գելերի բարձր պահանջարկը, ի տարբերություն դիմակների, գոնե հիմնավորված է), օդափոխել սենյակները, հազացող եւ փռշտացող մարդկանց շատ չմոտենալ եւ ձեռքերով չդիպչել դեմքին, քթին ու շուրթերին: