Կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսն ընդհանրապես չի դիմում բժշկի, քանի որ նրանց մոտ հիվանդությունը թեթեւ ընթացք ունի, իսկ որոշների մոտ նույնիսկ ախտանշաններ չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսից մահացությունը կազմում է գրեթե 2.7-3%: Դա նշանակում է, որ բոլոր հիվանդացածները հաջողությամբ բուժվում եւ ապաքինվում են:

Ինչպես նշեց Դավիթ Պետրոսյանը, Հայաստանում այսօր Հայաստանում կիրառվում են անհրաժեշտ բոլոր հակահամաճարակաբանական միջոցառումները՝ վիրուսի տարածումը կանխելու համար: Կորոնավիրուսով պացիենտների հետ շփված բոլոր մարդկանց մեկուսացրել են, որեւէ մեկի մոտ դեռ հիվանդության նշաններ չեն հայտնաբերվել, բոլորն իրենց լավ են զգում:

Իր հերթին, հոգեբան Արմինե Փաշայանը նշեց, որ կորոնավիրուսի շուրջ խուճապն ավելի վտանգավոր է, քան հենց վիրուսը. քրոնիկ սթրեսն ու անհանգստությունը նվազեցնում են օրգանիզմի դիմադրողականությունը, ինչն օրգանիզմն ավելի խոցելի է դարձնում ինֆեկցիաների նկատմամբ:

Մասնագետը նշեց, որ խուճապի գլխավոր պատճառը ոչ բավարար իրազեկվածությունն է: Եվ այդ վախը հաղթահարելու համար պետք է տեղեկություն ստանալ հավաստի աղբյուրներից: