ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երեւանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ:
Ինչպես NEWS.am Medicine-ին պատմեցին ՍԱՏՄ-ի աշխատակիցները, պատշաճ ախտահանմամ աշխատանքները հնարավորություն կտան նվազեցնել վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի տարածման վտանգը։
Ախտահանման աշխատանքներն իրականացնում են խանութների աշխատողները՝ ՍԱՏՄ-ի մասնագետների վերահսկողության ներքո։ Մասնագետների խոսքով՝ ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց սպառողները կարող են անմիջականորեն հպվել, օրինակ՝ սայլակները, ցուցափեղկերը եւ այլն։
Առաջիկայում նման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաեւ մարզային խանութներում։
Տեսչական մարմինը իրացման բոլոր կետերին հորդորում է իրենց տարածքներում ևս անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ թույլ չտալու համար հնարավոր վարակների տարածումը:












