Գրիպով վարակվելը հաճախ տարբեր բարդություններ է առաջացնում. առավել հաճախ տուժում է շնչառական համակարգը՝ զարգանում են բրոնխիտներ, թոքաբորբեր եւ այլ հիվանդություններ: Բայց կարո՞ղ է այս հվանդությունն ազդել մարդու ֆերտիլության վրա: Այս հարցը պարզաբանելուն NEWS.am Medicine-ին օգնեց սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը:
Պարզվում է՝ գրիպի եւ վերարտադրողական առողջության միջեւ իրոք կապ կա։ Մասնագետի խոսքով՝ վիճակագրության համաձայն 3-5% ամուսնական զույգերը, որոնք անցնում են բուժում անպտղության հետ կապված՝ դեղորայքային կամ օժանդակ տեխնոլոգիաներով, բուժման ժամանակ հիվանդանում են ծանր ընթացքով շնչառական վիրուսային հիվանդություններով: Դա բացատրվում է նրանով, որ նրանք այդ ժամանակ ստանում են հորմոնալ դեղորայքներ, ապրում են սթրեսային իրավիճակներ, որոնց պատճառով օրգանիզմի իմունային համակարգը ընկճվում է։
Մասնագետի խոսքով՝ ծանր ընթացքով գրիպը չափազանց վատ է անդրադառնում տղամարդու սերմնահեղուկի վրա՝ առաջ բերելով սպերմատոզոիդների շարժողունակության խանգարում, շատանում են պաթոլոգիական ձեւերը: Գրիպի հիվանդագին ազդեցությունը իրականանում է մի քանի մեխանիզմով․ իրենց դերն են խաղում թե՛ վիրուսային արտահայտված ինտոքսիկացիան, թե՛ մարմնի բարձր ջերմաստիճանը եւ թե՛ այդ հիվանդության ընթացքում ընդունվող դեղորայքը:
Ինչպես նշեց Սեւադա Հակոբյանը, առավել վնասակար ազդեցություն է դիտվում, երբ հիվանդանում են սեռահասուն տարիքում, քանի որ այդ տարիքում ընթանում են վերարտադրողական համակարգի ինտենսիվ գործունեություն եւ ակտիվ սպերմատոգենեզ: Ավելին՝ գրիպը, հաճախ բացասական ազդեցություն ունենալով արգանդի լորձաթաղանթի վրա, խոչընդոտում է սաղմի ներդրմանը (իմպլանտացիա) արգանդում:
Եթե գրիպի ֆոնին արձանագրվում է հղիություն, ապա կա որոշակի հավանականություն, որ կնոջ մոտ կարող է վիժում լինել: Ավելին՝ հղիության առաջին եռամսյակում գրիպը կարող է պտղի զարգացման խանգարումների պատճառ դառնալ: Բավականին վտանգավոր եւ ռիսկային է նաեւ հղիության 3-րդ եռամսյակում գրիպով հիվանդանալը․ այդ ժամանակ ավելի բարձր է հղի կնոջ մոտ բարդությունների առաջացումը՝ թոքաբորբ եւ այլն, քանի որ հղիության ժամանակ ընկճվում է կնոջ իմունիտետը: Բացի այդ, գրիպի պատճառով կարող է աճել վաղաժամ ծննդաբերության ռիսկը: Դրան կարող են նպաստել նաեւ այդ հիվանդացության ընթացքում ընդունվող դեղամիջոցները, որոնք նույնպես կարող են բացասական ազդեցություն ունենալ թե՛ կնոջ օրգանիզմի, թե՛ պտղի վրա:
Մասնագետի խոսքով՝ քանի որ գրիպի բուժման սպեցիֆիկ եւ արդյունավետ պրեպարատներ չկան, ուստի միակ արդյունավետ մեթոդը մնում է կանխարգելումը:
Շնչառական վարակների կանխարգելման մեզ հայտնի բոլոր միջոցները անհրաժեշտ է կիրառել՝ մանավանդ աշուն-ձմեռ ժամանակահատվածում, ինչպես նաեւ ամենաարդյունավետ մեթոդը պատվաստումն է՝ հատկապես այդ սեզոնից առաջ եւ այն զույգերին, որոնք հղիություն են պլանավորում:






