Վրաստանում գրանցել են COVID-19 կորոնավիրուսով երեխայի վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով՝ վարակված երեխային ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել մի խումբ մարդկանց հետ, որոնք փետրվարի 28-ից ինքնամեկուսացման մեջ էին, եւ որոնց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է մարտի 10-ին կրկնակի թեստավորման ժամանակ: Երեխան 12 տարեկան է: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 5 մարդ, այդ թվում՝ երեխան, մեկ ընտանիքի անդամներ են:

Վերջին տեղեկություններով՝ Վրաստանում լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է COVID-19 կորոնավիրուսով վարակվելու 23 դեպք: Այս դեպքերի մեծ մասը կապված է Իտալիայից ժամանած քաղաքացիների հետ: Երկու քաղաքացի վարակվել է Իրանում, եւս մեկի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է Իսպանիայից ժամանելուց հետո: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը կասկածում է, որ կարող էր վարակվել կանխիկ փողի միջոցով: