Ինչո՞ւ չեն մեկուսացնում բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստան են ժամանել երկրներից, որտեղ տարածված է կորոնավիրուսը: Բոլոր այդ մարդկանց մեկուսացնելու համար ո՛չ հնարավորություն կա, ո՛չ իմաստ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հարյուրավոր քաղաքացիներ են ժամանել Չինաստանից, Իրանից եւ Իտալիայից, եւ նրանց բոլորին մեկուսացնելը պարզապես անհնար է, ավելին, անիմաստ է: Նրա խոսքով՝ Հայաստանում այս պահին անցկացվում են խիստ հակահամաճարակաբանական միջոցառումներ:

Նախարարի խոսքով՝ նրանց, ովքեր Հայաստան են ժամանում, հետազոտում են, չափում են նրանց ջերմությունը: Եվ եթե նրանց մոտ որեւէ ախտանիշ չի հայտնաբերվում, նրանց տուն են ուղարկում՝ խորհուրդ տալով ինքնամեկուսացվել եւ հնարավորինս խուսափել այլ մարդկանց հետ շփումից, իսկ ցանկացած բողոքի կամ ախտանիշի դեպքում դիմել բժշկի:

Եվ եթե ինչ-որ մեկի մոտ հաստատվում է հիվանդությունը, նրան արագ մեկուսացնում են: Ինչպես նաեւ մեկուսացնում են բոլոր նրանց, ում հետ վարակվածը շփվել է: Այդպես կարելի է կանխել վիրուսի հետագա տարածումը:          

Նախարարի խոսքով՝ նման միջոցառումներ են անցկացվում ցանկացած ինֆեկցիոն հիվանդության տարածումը կանխելու համար: Անցած տարի Հայաստանում գրանցվել են կարմրուկի մի քանի «բերովի» դեպքեր, որը 10 անգամ ավելի վարակիչ է, քան կորոնավիրուսը: Այդ ժամանակ նույն միջոցառումներն են իրականացվել. մասնագետները պարզել են, թե որտեղ է գտնվել վարակվածը, որ ռեստորաններում է եղել, ում հետ է շփվել: Այդ գործողությունների շնորհիվ երկրում կարմրուկով լոկալ վարակման դեպքեր չեն եղել:

Արսեն Թորոսյանը նաեւ նշեց, որ եթե մարդը վերջերս է վարակվել, ապա նա դեռ չի կարող վարակել իր շրջապատին, ավելին, լաբորատոր թեստը, ամենայն հավանականության, բացասական արդյունք կտա: Եվ այդ պատճառով երկիր ժամանած բոլոր անձանց համար թեստ անցկացնելն անիմաստ է, եթե նրանց մոտ չկան ախտանիշները: Եվ որպեսզի թեստը կարողանա հայտնաբերել վիրուսը, այն պետք է որոշակի քանակություն ունենա օրգանիզմում, եւ շրջապատի վարակման համար անհրաժեշտ է, որպեսզի վիրուսը հասցնի բազմանալ եւ որպեսզի մարդու մոտ սկսվի հազ կամ փռշտոց, որոնց միջոցով վիրուսը կարող է թափանցել շրջակա միջավայրում: