Ավստրալիական Վիկտորիա նահանգից 51-ամյա Լիզ Հյուետը վարակվել է մահաբեր հիվանդությամբ՝ նեկրոտիկ ֆասցիիտով, սակայն վերապրել է ավելորդ քաշի շնորհիվ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կինը մի անգամ նկատել է, որ իր աջ սրունքի մաշկի վրա կարմիր պզուկներ են առաջացել։ Նա մտածել է, թե դա ռեւմատոիդ արթրիթի հերթական բռնկումն է, որով նա 14 տարի տառաում էր։
Երեխաների հետ խաղալիս Լիզը պատահաբար քորել է սրունքը եւ վնասել մաշկը։ Նա մշակել է վերքը հակաբորբոքիչով եւ սպեղանի դրել, սակայն հաջորդ օրը ավելի վատ է զգացել, իսկ երեկոյան նրա ամուսին Էնդրյուն վերադարձել է տուն եւ հայտնաբերել, որ կինը կորցրել է գիտակցությունը։
Կոճի վրա փոքր սեւ բիծ է եղել։ Մի քանի ժամից սեւ բծերը տարածվել են մինչեւ ծունկը, եւ տեսնելով դա՝ ամուսինը շտապօգնություն է կանչել։ Լիզին հոսպիտալացրել են, նրա մոտ նեկրոտիկ ֆասցիիտ են ախտորոշել՝ մանրէաբանական վարակ, որը հյուսվածքների մահ է առաջացնում։ Վարակումը տեղի է ունեցել մաշկի վնասման հետեւանքով։
Լիզին անհապաղ ուղարկել են վիրահատության։ Վտանգ կար, որ նա կամ կկորցնի ոտքը, կամ կմահանա։ Վիրաբույժները Լիզի սրունքից հսկայական՝ 20 սմ երկարությամբ, 10 սմ լայնությամբ եւ 6 սմ խորությամբ կտոր են կտրել։
Հաջորդ օրը Լիզն արթնացել է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները հայտնել են, որ նրա ավելորդ քաշը թույլ չի տվել, որ մանրէները ոսկորների վրա ընկնեն։
«Ես չկարողացա հավատալ, որ ավելորդ քաշը փրկել է իմ կյանքը»,- ասել է նա։
Նրան պահանջվել է եւս 4 վիրահատություն, որպեսզի կտրեն բոլոր վարակված հյուսվածքները։ Դրանից հետո Լիզին փոխպատվաստում են արել՝ մաշկի մի կտոր վերցրել են նրա ազդրի վերեւի մասից։ Դուրս գրվելուց հետո եւս մի քանի ամիս նա ստիպված է եղել ամեն օր վիրակապը փոխել եւ օգտվել հաշմանդամի սայլակից։
Առողջանալով այս ամենից հետո՝ Լիզը որոշել է զբաղվել իր առողջությամբ եւ ազատվել ավելորդ քաշից։ Նա փոխել է սննդակարգը եւ դադարել է քաղցր ըմպելիքներ խմել։ Վարակման պահից անցել է ավելի քան երկու տարի, եւ նա արդեն 80 կգ քաշ է կորցրել։






