Անգլիայի Բաքինհեմշիր կոմսության Միլթոն-Քինս քաղաքից 23-ամյա Ջորջիա Լին հիվանդացել է էնցեֆալիտով, որը նրա մոտ զարգացել է մրսածության պատճառով: Դրանից հետո նա չի ճանաչել իր ընկերոջն ու մոռացել է կյանքի վերջին 5 տարիները:
Unilad-ի հաղորդմամբ՝ Ջորջիան 2 շաբաթ տառապել է գլխացավերից եւ հոսպիտալացվել մեկ ամսով:
Հիվանդանոցում նա բժիշկներին ասել է, որ 17 տարեկան է: Իր կյանքի վերջին 5 տարիները նա պարզապես մոռացել է: Աղջիկը մոռացել է, թե ինչպես է սովորել համալսարանում, թե ով է իր ընկերը՝ Լորենսը, ում հետ հանդիպում է արդեն 2 տարի: Նա նաեւ չի հիշել իր անունը, հորը հիշել է մեծ դժվարությամբ:
Երբ Լորենսը տեսակցել է Ջորջիային, նա չի ճանաչել նրան: Նա ստիպված է եղել պատմել աղջկան իրենց համատեղ անցկացրած ժամանակի մասին, ցույց է տվել համատեղ լուսանկարներն ու տեսանյութերը: Բժիշկները Լորենսին զգուշացրել են, որ կա հավանականություն, որ աղջիկն այդպես էլ չի հիշի իրեն եւ չի ցանկանա շփվել նրա հետ: Սակայն ժամանակ անց աղջիկը հիշել է իր ընկերոջը:
Չնայած դրան՝ աղջկա հիշեղությունը լիարժեք չի վերականգնվել: Նա այդպես էլ չի կարողացել հիշել իր ընկերներին եւ համալսարանում սովորելու տարիները: Ջորջիան մտավախություն ունի, որ չի կարող աշխատանք գտնել:
Բժիշկները մտավախություն ունեն, որ էնցեֆալիտի պատճառով առաջացած խնդիրները կարող են մնալ ընդմիշտ:






